Օգոստոսի 21-ին Դոնի Ռոստովում բնակվող նկարիչ Ներսես Կիրակոսյանը ընտանյոք հանդերձ հյուրընկալվել էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում: Նա միությանը նվիրեց մեր կինոյի վարպետների՝ միության բոլոր նախկին նախագահների՝ Ստեփան Կևորկովի, Ֆրունզե Դովլաթյանի, Լաերտ Վաղարշյանի, Կարեն Քալանթարի, Սերգեյ Իսրայելյանի, Ռուբեն Գևորգյանցի մատիտանկար դիմանկարները:
Հանդիսությանը ներկա էին կինոյի վարպետների ընտանիքների անդամները, ինչպես նաեւ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց. «Նախաձեռնության հեղինակը Կառլեն Լեւոնիչն է՝ Կառլեն Լեւոնին, մարդ, որը միշտ օգնում է արվեստագետներին, ցուցահանդեսներ է կազմակերպում, պատկերասրահ ունի: Ներսես Կիրակոսյանը, որը նկարել է մեր լավագույն կինոգործիչների դիմանկարները ու նվիրել է մեզ, հենց Կառլեն Լեւոնիի ընկերն է: Այսօր հավաքվել ենք, որ նորից նշենք այդ մարդկանց մուտքը Կինոյի տուն, կախենք նրանց նկարները եւ չկորցնենք այլեւս ոչինչ, որովհետեւ Կինոյի տան մեծ մասը վաղուց կորցրել ենք, բան չի մնացել»:
Կինոգետ Անետա Երզնկյանը նշեց, որ գեղեցիկ առիթ է կինոմիությունում՝ հանրահայտ Բուխարու սրահում հավաքվելու համար. «Էլի հանդիպեցինք այն մարդկանց հետ, որոնց գիտեինք, որոնք մեծ ներդրում են ունեցել կինոստեղծման առումով, նաեւ կինոյի տան ու կինոմիության: Առիթը այնքանով է գեղեցիկ, որ նկարիչ Ներսես Կիրակոսյանը կարողացել է գեղեցիկ գծանկարներում ճիշտ ներկայացնել մեզ ծանոթ մարդկանց, որոնց այժմ նորովի ենք ճանաչում»:
Տիկին Երզնկյանը ուրախությամբ փաստեց, որ Կինոյի տանը հավաքվելու ավանդույթը, որ մինչեւ վերջերս ընդհատված էր, կրկին վերականգնվում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ