Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հանցագո՞րծ ենք, որ միլիցեն գուկա, վրեքս մատ թափ կուտա»․ Գյումրու ավտոկայանատեղիների հսկիչները վիճաբանության մեջ են. (Տեսանյութ)

Օգոստոս 21,2018 17:47

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել ավտոկայանատեղիների հսկիչները՝ «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ի նախկին աշխատակիցները՝ պահանջելով Գյումրիում նորից վճարովի դարձնել ավտոկայանատեղիները, ու  հավաքագրված գումարները օրինական ձևով գանձել քաղաքապետարանի բյուջե։

Բանն այն է, որ Գյումրու ավագանու որոշմամբ այս  քաղաքում ավտոկայանատեղիները դարձրել են անվճար, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք ավտոկայանատեղիների սպասարկումը կազմակերպող «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ի ծառայության կարիքն այլևս չկա, սակայն հսկիչները շարունակում են իրենց գործունեությունը։  Հարկային ոստիկանությունն էլ, գտնելով,  որ նրանց գործունեությունն անօրինական է, պահանջում է դադարեցնել ու լքել տվյալ տարածքները։  Այսօր դեռ ասուլիսը չսկսած՝ նրանց հետ  զրույց ունեցավ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Նա վերջիններիս  հանգամանալից փորձում էր բացատրել, որ ավտոկայանատեղիներն անվճար են, այդպես է որոշել ավագանին՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։ Սակայն հսկիչները պնդում էին իրենց առաջարկը՝ զայրանալով, թե ո՞ր իրավունքով է  ավագանին իրենց զրկել աշխատելու սահմանադրական իրավունքից։

«Էն բարդակը, որ քաղաքում եղել է, հավաքում ենք գումարները, ու բյուջե մտնում է  60 հազար դրամ, էս քաղաքը կթու կո՞վ է, չհասկացանք։ Ավագանին որոշել է, որ կոռուպցիան քոքահան անելու եղանակն անվճար դարձնելն է, էս կոնֆլիկտներից հեռու մնալուց, փող լափելուց հեռու մնալու համար որոշել ենք դարձնել զրո, շոֆեռը կուտա, թող տա․․․ Երբ որ կհավաքվի գումարը, քաղաք կբերվի, կլցվի 60 հազար, թե էս ենք հավաքել, սա եղավ, որ ինձ ու ձեզ ձեռ են առնում։ Դուք աշխատանք ունիք, շատ հաճելի է, բայց ձեր միջոցով սաղ քաղաքին քերում, տանում էին չգիտեմ ուր, քաղաքապետարան կբերեին 200 դոլար։ Հիմա դրա դեմն առնելու եղանակն անվճար դարձնելն է, դուք կարող եք հավաքվել կազմակերպություն հիմնել, որոշեք էդ բիզնեսով զբաղվել,  կամ դիմեք քաղաքապետին, թե մեզ որևէ գործ ապահովեք։ Կանգառները սահմանված են անվճար, ժողովուրդ, ավագանին եղավ 3-4 տարի է՝ որոշել է»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Նրանք Լևոն Բարսեղյանին բողոքեցին, որ ոստիկանները սկսել են իրենց անհանգստացնել, տեղահանել այնտեղից։ «Եթե ձեզ կմոտենա որևէ միլիցիա, կասի` իրավունք չունեք այստեղ կանգնելու, ասեք՝ որ  իրավունք ունենք այստեղ կանգնելու, ուրիշ բան, որ իրավունք չունենք մարդուն ստիպելու, որ մեզ վճարի»,- խորհուրդ տվեց Լևոն Բարսեղյանը։

Ավտոկայանատեղիների հսկիչները սակայն պնդում էին, որ այս ամենը Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան ներքին խմորման արդյունք է, և դրանից իրենք չեն ուզում տուժվել։ «Մենք մեր պարտքը կատարել ենք, թե ինչ է արել, չի արել Տարոն Գասպարյանը, ինձ չի հետաքրքրում, պարտականությունս կատարել եմ ու իմ տունը պահել եմ, սոված չենք մնացել, բայց էսօրվա  դրությամբ Տարոն Գասպարյանին դատի տալուց հետո մեզի կատեն, կարհամարհեն ու միլիցիա կուգա, կսե՝ չպիտի կագնիս։ Ես հանցագո՞րծ եմ, իրավունք չունե՞մ էստեղ ապրելու»,-ասում էր Համլետ Ղևոնդյանը։

Նրանք բողոքում էին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի ընդունում իրենց, հենց ուզում են նրան մոտենան, թիկնապահները վրա են տալիս։ Նրանք լրագրողներին  խնդրեցին ուղեկցել իրենց քաղաքապետարան, որպեսզի Սամվել Բալասանյանը մամուլի ներկայությունից ազդվելով՝ ընդունի ու լսի իրենց պահանջը։ Նրանց հետ հանդիպման եկավ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։ Վերջինս ասաց, որ ավագանին է որոշել ավտոկայանատեղիներն անվճար դարձնել, հետևաբար և ավագանու որոշումն անբեկանելի է, եթե համաձայն չեն, թող բողոքարկեն։

«20 հոգի աշխատող կա, 20 հոգին ընտանիք կպահե, բիզնես չեն անում, որ միլիոն աշխատին, մերը հացի փող է։  Աշխատելու իրավունքից ինչի՞ է զրկում մեզ ավագանին։ Ո՞վ է ավագանուն իրավունք տվել մեզ զրկել։ Էսօրվա դրությամբ մեզի դարձրել եք հանցագործ»,- բողոքում էին հսկիչները։

Գյումրու փոխքաղաքապետը հարցրեց, թե  ո՞վ է նրանց դարձրել հանցագործ։ Բողոքավորներն ասացին՝ « Դուք՝ քաղաքապետը և ավագանին»։ Նրանք մանրամասնեցին, որ ոստիկանները գալիս, մատ են թափ տալիս իրենց վրա։ Ռուբեն Սանոյանը խորհուրդ տվեց դրա համար չկանգնել ու փող չհավաքել։

«Օրենքով չէ,  որ դուք փող կառնիք։Միլիցիային  էլ մենք կարգադրող չենք, միլիցիան օրենք պահպանող է»,- ասաց Ռուբեն Սանոյանը ։ «Ինձ կանչում են հարկային ոստիկանություն», -նեղվեց նրանից մեկը։ «Մի կանգնեք, չկանչեն»,- հակադարձեց Ռուբեն Սանոյանը, որին հսկիչներից  մեկն արձագանքեց՝ իսկ ինչի՞ չկանգնեմ։ «Դե գնա կանգնի», -վրդովված ասաց Ռուբեն Սանոյանը։

Բողոքավորները վիճաբանելով դուրս եկան քաղաքապետարանի շենքից։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031