ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը հայտարարեց՝ իրենց 100 օրվա աշխատանքից գոհ են:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փոխնախարարը հայտնեց. «Կա երկու նպատակ՝ հեշտացնել մարդկանց կյանքը, որ օրերով չսպասեն լիցենզիաների, անգամ խանութներից, որտեղ առկա են համապատասխան սարքեր, մարդիկ կարող են ստանալ լիցենզիաներ, և սահմանափակել մարդկանց կոնտակտը՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար»:
Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ հատուկ պահպանվող տարածքներում՝ ՊՈԱԿ-ներում, աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել՝ մոտ կրկնակի. «Դիլիջանում աշխատավարձը 75 հազարից դարձել է 140.000 ՀՀ դրամ»:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն, ի տարբերություն փոխնախարարի, առանձնապես լավատես չէ: Նա մտահոգություն հայտնեց, թե օլիգարխները շարունակում են հարստանալ հանքերի հաշվին: Հակոբ Սանասարյանը մանրամասնեց. «Նույնն է, ինչ կատարվում էր Ռոբերտ Քոչարյանի օրոք: Նա հիմք դրեց երկրի ընդերքի կողոպուտին, ինչը շարունակվեց Սերժ Սարգսյանի օրոք: Ավելի քան երեք ամիս է, որ իշխանությունը փոխվել է, բայց նույն մարդիկ, որ ասում էին՝ հանքերը Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն են, հիմա մի կողմից քննադատվում են, մյուս կողմից հարստանում, քանի որ ոչինչ չի փոխվել»:
Հակոբ Սանասարյանը դրական համարեց այն, որ 2018-ի տնտեսական զարգացման ծրագրում նշված է, որ հողի, ջրի աղտոտումը լինի պակաս, բնական պաշարների արդյունավետ, բայց բանական օգտագործում լինի: Հակոբ Սանասարյանը զգուշացրեց՝ հանքարդյունաբերությունն այն ծավալներին է հասել, որը վտանգավոր է. «Թիվ մեկ վտանգն ատոմակայանն է իր թափոններով: Ես ամաչում եմ, որ ՀՀ կառավարությունը թույլ է տվել, որ միջազգային փորձագետներ գան ՀՀ-ում փորձագիտական ուսումնասիրություն կատարեն»:
Գնել Սանոյանն արձագանքեց՝ մեր փորձագետներն են, ուղղակի ՄԱԿ-ի որոշ ծրագրերով աշխատավարձ են ստանալու:
Հակոբ Սանասարյանը հիշեցրեց, երբ Էրիկ Գրիգորյանը նշանակվեց բնապահպանության նախարար, շատերի մոտ տարակուսանք առաջացավ, բայց ինքը գրել էր` եթե վարչապետը լինի ոչ հանքատեր, Էրիկ Գրիգորյանը լավ նախարար կդառնա: Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ Հակոբ Սանասարյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հանքատեր չէ, և Էրիկ Գրիգորյանին ոչինչ չի խանգարում օբյեկտիվ լինել և իր գիտելիքներն օգտագործել: Լսեցի մի քանի օր առաջ, որ Ամուլսարի հարցով նախարարն ասաց՝ վտանգավոր է, բայց շահագործումից հետո կուսումնասիրենք, եթե վտանգ կա, կկասեցնենք: Նման բան կարող է ասել մեր գյուղի սարերում անասնապահությամբ զբաղվողը, որը չգիտի՝ ինչ է հանքարդյունաբերությունը: Ինչպե՞ս կարելի է, այդ մակարդակի մարդը, որն Ամուլսարի բոլոր վտանգները 15-20 րոպեանոց նյութում է տվել, երբ դարձավ Կարեն Կարապետյանի խորհրդական, հանկարծ լսում ենք, թե, ոչինչ, Ամուլսարն այնքան էլ վատ բան չէ: Իսկ բնապահպանության նախարարության բաժնին անընդհատ հարցնում են՝ այդքան վատ լինել պետք չի, թույլ տվեք, որ մի կարգին հանք ունենանք»:
Փոխնախարարն արձագանքեց. «Ուրախ եմ, որ ՀՀ վարչապետն էլ հանքերի հետ կապ չունի, էրիկ Գրիգորյանն էլ, առնվազն նրա երեք տեղակալներն էլ հանքերի հետ կապ չունեն:Այժմ բնապահպանության նախարարության վերնախավից ոչ մեկ կապ չունի հանքերի կամ հանքատերերի հետ: Բայց մի քիչ կոռեկտություն է պետք մարդկանց մասին խոսելիս»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը մտահոգություն հայտնեց՝ մենք ունեք տարբեր համակարգերում ջրի զավթում. «Ջուրը զավթում են, օրինակ, դեպք կա, երբ մեծ վարկային միջոցներ ուղղվել են նրա համար, որ ոռոգման ջուրը տանեն դեպի Հովիկ Աբրահամյանի հողեր»:
Այնուհետև հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական ուղերձն էր այն, որ կառավարությունը պետք է սերտորեն համագործակցի հանրության հետ, նշեց. «Այստեղ մենք ունենք խնդիրներ: Երբ խոսում ենք վստահության մասին, դա կա, բայց մենք շատ անհավասար պայմաններում ենք գտնվում: Ինչպե՞ս նախարարությունը պետք է հաշվետու լինի հասարակության առջև` մենք շատ չենք պատկերացնում, ուզում է` կանչում է, ուզում է` չի ընդունում, ուզում է` առաջարկությունը վերցում է, չի ուզում` չի վերցում: Շատ շտապ այդ մեխանիզմները պիտի ստեղծվեն»:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ նշեց, թե այնքան էլ դրական չի գնահատում այն, ինչ փոխնախարարը ներկայացրեց որպես դրական. «Եթե խոսենք փոքր ՀԷԿ-երի մասին, ապա այնպիսի մի իրավիճակ է ՀՀ-ում ստեղծվել, որ խոսել նոր ՀԷԿ-ի մասին, կարծում եմ, ուղղակի անթույլատրելի է: Էկոլուրի և մնացած կազմակերպությունների մշտադիտարկումների արդյունքները, գիտնականների կարծիքները հաշվի առնելով, կարծում եմ, պարոն փոխնախարար, ոչ թե պետք է նայեք ու մշտադիտարկեք, թե որտեղ է հնարավոր նոր ՀԷԿ-եր կառուցել, այլ այդ պրոցեսը կասեցնեք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի