«Իրանը մեզ համար չափազանց կարեւոր երկիր է: Այդ սպասվելիք այցի ընթացքում պետք է քննարկվեն երկկողմ տնտեսական ծրագրերը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերների հետ պետք է հասկանանք՝ ինչպե՞ս արձագանքել այդ մարտահրավերներին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր, անդրադառնալով առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան սպասվելիք այցին, ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա հիշեցրեց՝ ԱՄՆ-ն արդեն իսկ հայտարարել է, որ Իրանում ակտիվ գործել պատրաստվող բիզնեսները հայտնվելու են պատժամիջոցների տակ, իսկ դա չի կարող չանդրադառնալ ՀՀ-Իրան տնտեսական կապերի վրա:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությանն այն մասին, որ Իրանի հետ բիզնես անել պատրաստվող հայկական կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԱՄՆ դեսպանատան հետ, որպեսզի չհայտնվեն պատժամիջոցների ներքո, փորձագետը նշեց. «Դա օգնության ձեռքմեկնում է, ոչ թե սպառնալիք: Եթե հայկական կազմակերպությունը ցանկանում է Իրանում գործել, վստահ եմ՝ կցանկանա իմանալ, թե արդյոք Իրանում կհայտնվի պատժամիջոցների ներքո»:
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում գերտերությունների հարաբերությունները լարվելու են, հատկապես՝ Ռուսաստանինն ու Իրանինը, Իրանինն ու ԱՄՆ-ինը, իսկ Հայաստանն էլ տնտեսական խնդիրներ է ունենալու թե’ Իրանի, թե’ Ռուսաստանի հետ. «Մեր ռազմավարական դաշնակիցը եւս տնտեսական խնդիրներ ունի: Իսկ որոշ միջազգային կազմակերպություններ արդեն դուրս են գալիս իրանական շուկայից՝ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը չկրելու նպատակով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ