Հայտնել ենք Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի կոյուղու խափանման, կոյուղաջրերի բաց հոսքի, հակասանիտարական վիճակի մասին:
Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ այսօր`օգոստոսի 21-ին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատողները հիդրոպոմպի միջոցով բացել են խցանված կոյուղագիծը:
Նա ասաց, որ սխալ կառուցված կոյուղագծի վերակառուցման խնդիրը մնում է, ինքը «Վեոլիա ջուր» ընկերության Ալավերդու տեղամասի տնօրենի տեղակալին հայտնել է, որ հարկ է կարճ ժամկետում վերակառուցել այդ կոյուղագիծը: Ա. Պարանյանը հայտնեց, որ կոյուղու խնդիրների կապակցությամբ Այրում քաղաքի բնակիչները ստորագրահավաք են արել, որպեսզի դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա հայտնեց, որ սեղմ ժամկետում խնդիրը չլուծվելու դեպքում ինքը`որպես համայնքի ղեկավար, կդիմի վարչապետին: Ա. Պարանյանն ասաց, որ կոյուղու խնդիրներ կան նաեւ Այրում քաղաքի այլ հատվածներում, կոյուղու վերակառուցման ժամանակ կոյուղաջրերի հոսքի համար անհրաժեշտ թեքություն չի ապահովվել, կոյուղում տեղադրվել են 100 միլիմետրանոց խողովակներ, ինչն անթույլատրելի է:
Ա. Պարանյանին հարցրինք Բարեկամության փողոցի 7-րդ շենքի կոյուղու խցանումները պարբերաբար բացելուն իր մասնակցության մասին: Նա ասաց, որ 4 անգամ իր անձնական միջոցներից ֆինանսական ներդրում է կատարել այդ կոյուղագիծը բացելու համար, բացի այդ, գումարներ է տվել քաղաքի այլ հատվածների խցանված կոյուղագծերը բացելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ