Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ում ավելի քան հարյուր ընտանիք ինձ ասացին, որ տները վաճառքի են հանել, որպեսզի վերադառնան հայրենիք». Մխիթար Հայրապետյան

Օգոստոս 21,2018 15:09

«Նախկինում նախարարության կամ առհասարակ պետության համար եղել են մերժվածներ ու արտոնյալներ, մեր օրոք նման բան չի լինելու»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը վստահեցրեց՝ սփյուռքի նախարարությունն իր առջև խնդիր է դրել աշխատել բոլորի հետ և ստեղծել հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, որոնք պատրաստ են աշխատել հանուն Հայաստանի, Արցախի կայուն զարգացման, անվտանգության, հանուն սփյուռքում հայկական կառույցների հզորացման և ՀՀ-սփյուռք կապի ուժեղացման և հանուն սփյուռքի ներուժի օգտագործման:

Նախարարը վստահեցրեց, որ այս գաղափարները ԱՄՆ-ի մեր հայրենակիցների կողմից շատ լավ են ընդունվել:

Մխիթար Հայրապետյանը հայտնեց՝ նախարարությունում կլինեն կառուցվածքային փոփոխություններ. ունենալու են ծառայությունների մատուցման բաժին: Հարցին՝ նախարարության օպտիմալացման հարց դրվա՞ծ է, քանի որ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պետական համակարգում օպտիմալացման անհրաժեշտության մասին, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Այս պահին սփյուռքի նախարարության կրճատման հարց օրակարգում չկա: Բայց որևէ որոշում, որը կկայացնի կառավարությունը որևէ նախարարության մասով, բացառապես ելնելու է հայ ժողովրդի շահերից: Բայց եթե ունենայի այն համոզմունքը, որ սփյուռքի նախարարությունն անելիք չունի, ես չէի լինի այստեղ: Սփյուռքի նախարարությունն իր նոր մոտեցմամբ ունի անելիք»:

Դիտարկմանը՝ բացի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե անշարժ գույքի գները ՀՀ-ում քսան տոկոսով աճել են, ինչը նշանակում է, որ հայրենադարձություն է տեղի ունեցել, այլ վիճակագրություն կա՞ հայրենադարձության մասին փաստող, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Վարչապետը նաև հրապարակեց ՀՀ ժամանողների և ՀՀ-ից հեռացողների թվի տարբերությունը, որ շուրջ 26 հազար էր կազմում: Այս պահին նման տվյալ չկա, որ պնդենք, թե բոլորը հայրենադարձներ են: Սակայն կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում ավելի քան հարյուր ընտանիք ինձ ներկայացրին, որ տները վաճառքի են հանել, որպեսզի վերադառնան հայրենիք: Դոհայից Երևան օդանավում շուրջ 15 ընտանիք ուղղակի հայրենադարձներ էին. մարդիկ մոտեցան ինձ, իրենց իրերը ցույց տվեցին ու ասացին, որ գալիս են հայրենիք: Այս պահին հարյուր, հազար անգամ ավելի շատ մարդիկ կան, որ ունեն ցանկություն հայրենիք վերադառնալու, բայց միայն որոշակի խնդիրներ լուծելուց հետո կարող ենք ակնկալել, որ նրանք վերադառնալու են»:

Սփյուռքի նախարարը վստահեցրեց՝ պրոֆեսիոնալ հայրենադարձությունն արդեն սկսված է: Հարցին՝ ՀՀ-ում կա՞ ներուժ, որ հայրենադարձներին ընդունեն, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ, օբյեկտիվ պետք է  մոտենանք խնդրին: Բայց մյուս կողմից դա շարունակական գործընթաց է, դրան միայն սփյուռքի նախարարության մեկ որոշմամբ չենք գալու»:

Մխիթար Հայրապետյանն իր՝ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների մասին տեղեկացրեց՝ բոլոր հանդիպումներում մարդիկ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել. հիմնական հարցերը բիզնես միջավայրը ճանաչելուն են վերաբերվել:

Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ հայրենադարձների երեխաներին դպրոցում աջակցելու կոչին` Մխիթար Հայրապետյանը պարզաբանեց. «Շատ դեպքերում խնդիրը բարձրացնողն է սփյուռքի նախարարությունը, բայց կատարողը չէ: Կան այլ գերատեսչություններ, որոնք պետք է կատարումն անեն: Այստեղ ոչ միայն ԿԳ նախարարության, այլև սոցապնախարարության տիրույթում է խնդիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031