«Հարգելի՛ լրագրողներ, ես չեմ կարող դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ որպես արդարադատության նախարար: Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան: Արդարադատության նախարարը, գործադիր իշխանությունը չի կարող այստեղ միջամտել»,- այսօր հրավիրած ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատած դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հետ կապված ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ իշխանության բոլոր ճյուղերը պետք է հավասարակշռվեն, հակակշռվեն եւ փոխզսպվեն իշխանության մյուս ճյուղերի կողմից: Եթե գործադիրն ու օրենսդիրը ունեն այս մեխանիզմները, այս պահի դրությամբ դատավորները կարծես դուրս են մնացել, գործուն մեխանիզմ չկա: Այդ ֆունկցիան պետք է կատարի ԲԴԽ-ն, օրենքով այդպիսի լիազորություն դրված է նաեւ արդարադատության նախարարության վրա. «Մենք ստանում ենք բազմաթիվ բողոքներ: Արդարադատության նախարարությանն ուղղված բողոքների քանակը հնգապատկվել է, տեմպը չի նվազում: Բողոքների գերակշիռ մեծամասնությունը բողոքում է արդարադատությունից, արդարությունից: Մենք դատական ակտեր ունենք, որոնք մեզ պատճառաբանված եւ հիմնավոր չեն թվում չափից ավելի: Այսպիսի ուսումնասիրություններ իրականացվում են, մենք կգնահատենք այդ գործերով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը՝ նախարարության վրա դրված գործառույթների ու պարտականությունների շրջանակներում»:
Լրագրողները փորձեցին ճշտել՝ երկու մարմին իրար վրա են գցում այդ հարցը, ուզում ենք հասկանալ՝ ի վերջո ո՞վ կարող է պատասխանատվության ենթարկել դատավորներին, հասկանանք որտեղ է բացը: Զեյնալյանը պատասխանեց. «Արդարադատության նախարարությունը՝ գործադիր իշխանությունը, չպետք է վերածվի չորրորդ ատյանի: Սա կհակասի արդար դատաքննության օբյեկտիվ իրավունքին ընդհանրապես: Առաջին ատյանի դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից կարող են ստուգման ենթարկվել եւ միայն կողմերի կողմից բերված բողոքի շրջանակներում, միջամտությունը խախտելու է հավասարության սկզբունքը, որեւէ մեկին օգուտ կամ դեմ է լինելու: Վերաքննիչի դատական ակտերի օրինականությունը կարող է ստուգվել Վճռաբեկի կողմից, պատկերացրեք, որեւէ մարմին հնարավորություն ունենա սրան միջամտելու, պատկերացնո՞ւմ եք սրա սուբյեկտիվությունը, կոռուպցիոն ռիսկը»:
Նա ասաց, որ դատական ակտերը պիտի լինեն կայուն, չի կարելի անցյալը անվերջ փորփրել. «Կա որոշակիության սահմանադրական սկզբունք, որը պիտի գործի ժողովրդավարական եւ իրավական հասարակությունում: Չեն բացառվում սխալները, սխալներն ուղղելու հնարավորություն կա, ՍԴ դիմելու, միջազգային դատարան դիմելու հնարավորություն կա: Բայց գործադիր իշխանությանը այդպիսի գործիք տալով՝ մենք կարող ենք բացել պանդորայի արկղը, դրա վնասները կարող են շատ ավելի մեծ լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե պանդորայի արկղը այդքան չարիք է, ապա Դուք այն մաս- մաս բացեք զգուշանալով հնարավոր պայթյունից:Ես էլ եմ ցանկանում միջազգային դատարան դիմել բայց կողքից նախատում են,բա դու պետությունում չունես արդարադատություն: Գիտե’ք որն է ցավալին,որ ոչ ոք չի ցանկանում աշխատել և պատասխանատու լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/21/976335/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից