Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չէ՛ր կարելի լուսանկարել, չէ՛ր կարելի հրապարակել այդ լուսանկարը». Արտակ Զեյնալյանը՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին

Օգոստոս 21,2018 14:39

Երեկ «Հայկական ժամանակում» հրապարակված Մանվել Գրիգորյանի լուսանկարը սոցցանցերում քննարկումների ու քննադատությունների տեղիք էր տվել:

Այսօր լրագրողները արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե այդ լուսանկարի հրապարակման մեջ մարդու իրավունքների խախտում տեսնո՞ւմ է: Հիշեցնենք, որ լուսանկարում Գրիգորյանը մեկուսարանում է, հետեւաբար հարց է՝ անազատության մեջ գտնվող անձի լուսանկարը հրապարակելը մարդու իրավունքների խախտում չէ՞:

Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանի լուսանկարի հետ կապված, դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են եւ դատապարտյալի լուսանկարը հրապարակում են: Սա իրավունքի խախտում է իմ կարծիքով: Եթե նույնիսկ ազատազրկվածը կամ դատապարտյալը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելու եւ լուսանկարը հրապարակելու, ԶԼՄ-ն պետք է ծանր ու թեթեւ անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովհետեւ անազատության մեջ  գտնվող անձի կամքը ազատորեն չի ձեւավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաեւ, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէ՛ր կարելի լուսանկարել, չէ՛ր կարելի հրապարակել այդ լուսանկարը՝ անկախ անձից, անկախ անձի նկատմամբ եղած վերաբերմունքից: Այդ իրավունքը ունիվերսալ է, չի կարող խտրական ձեւով կիրառվել, պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»:

Նախարարն ասաց, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում. «Լուսանկարը չի արվել «Կենտրոն» ՔԿՀ-ում, դա արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում: Հարգելի լրագրողներ, ԶԼՄ-ներ, դուք ազատ մամուլն եք եւ արտահայտվելու ազատության երաշխիքն է ձեր ազատությունը: Լրագրողներն իրավապաշտպաններ են ի պաշտոնե, եւ դուք իրավունքի պաշտպանության մունետիկներ եք: Պատիվը, արժանապատվությունը, մարդու մյուս իրավունքները  չեն կարող նսեմացվել արտահայտվելու ազատությամբ կամ խոսքի ազատությամբ: Ես խնդրում եմ ուշադիր լինել հրապարակումների նկատմամբ: Եթե անգամ այդպիսի լուսանկար արվել էր եւ հայտնվել էր, ճիշտ կլիներ, որ ԶԼՄ-ն ձեռնպահ մնար այն հրապարակելուց: Հիշեք, դուք իրավապաշտպաններ եք»:

 

Հռիփոսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031