Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ամփոփելով իր աշխատանքի 100 օրը, հայտարարեց՝ այսօր չկա դատապարտյալ, որը չունի սեփական մահճակալը, մենք այդ խնդիրը լուծել ենք:
Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպությունները, ՀԿ-ները իրենց զեկույցներում քննադատում էին ՀՀ-ին` ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության եւ կալանավորների իրավունքների խախտումների հետ կապված:
Զեյնալյանն ասաց. «Եթե այս համատեքստում նայենք` գերծանրաբեռնվածություն չկա, բայց յուրաքանչյուր կալանավորին բաժին հասնող քմ-ի հետ ունենք խնդիր»:
Նա ասաց, որ բանտային պայմանների իրավունքին ու օրենքին համապատասխանելու խնդիր ունենք, որը ձեւավորվել է տարիների ընթացքում. «Այս ոլորտում շինարարություն իրականացնելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտություն կունենանք»:
Անդրադառնալով բանտերում ինքնասպանության դեպքերին՝ Զեյնալյանն ասաց, որ բոլոր բանտերում այդ երեւույթը կա. «Հայաստանում պիտի լինի նվազագույնը, պիտի ձգտենք դրան: Մենք մշակում ենք ծրագիր` այնպես անել, որ քրեակատարողական համակարգը դառնա ուղղիչ, մարդուն վերադարձնի հասարակություն»:
Հարցին՝ կալանավայրերում սննդի հարցում ի՞նչ փոփոխություններ են սպասվում՝ նա պատասխանեց. «Սննդի որակը թեեւ բարելավվել է, բայց դեռ տեղ ունեն բարելավելու»: Նա ասաց, որ դատապարտյալների գերակշիռ մեծամասնությունն օգտվում է իրենց համար նախատեսված սննդից: Զեյնալյանը վստահեցրեց, որ իրենք մշտապես հետեւում են մսի պահածոյի, խտացրած կաթերի եւ դատապարտյալներին մատակարարվող սննդի այլ տեսակների որակին. «Ես ինքս եղել եմ Արմավիր ՔԿՀ-ում, տեսել եմ, թե ինչպես է պատրաստվում ճաշը, ինչ որակ ունի այն, վստահեցնում եմ, այն պատշաճ մակարդակի, որակի սնունդ է»:
Խոսելով վարչապետի հայտարարության մասին՝ անցումային արդարադատության վերաբերյալ՝ նախարարն ասաց. «Վարչապետն իր ելույթում կոնկրետ նշեց, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Ես ավելացնեմ՝ անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը, ՀՀ-ի՝ կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, սահմանադրության որեւէ դրույթ չի կասեցվելու ուղղակիորեն կամ բովանդակային առումով: Դա լինելու է օրինական, աջակցող է լինելու որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ՝ իրավունքի խախտման փաստը չճանաչելու, արդարացի հատուցում տրամադրելու հարցով: Կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ, բայց հարցերը լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը: Չե՛ն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի՛ ստեղծվելու, սահմանադրությունը չի՛ խախտվելու, լինելու է օրինական եւ կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ