Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քրեակատարողականներում հարկադրաբար մոլեխաղեր խաղալու ավանդույթը կասեցված է». Ի՞նչ է արել Զեյնալյանը 100 օրում

Օգոստոս 21,2018 13:46

Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրավիրած ասուլիսում ամփոփեց 100 օրվա աշխատանքը: Նա ասաց, որ հաշվետվությունը կատարած աշխատանքի տեղադրված է կայքում:

Վարչական համաներման մասին խոսելիս նախարարն ասաց, որ շուրջ 120 հազար անձ ազատվել է վարչական տուգանքներից՝ ճանապարհատրանսպորտային հարաբերությունների ոլորտում, 1 մլն 475 հազար վարույթ պետք է կարճվի:

Նա ասաց, որ բանտախցի եւ մահճակալի համար ոչ օրինական գանձումները վերացված են քրեակատարողականներում, հարկադրաբար մոլեխաղեր խաղալու ավանդույթը եւս կասեցված է. «Իհարկե, չենք կարող բացառել, որ այդպիսի մոլեխաղեր ՔԿՀ-ներում խաղում են, մարդիկ կարող են ցանկացած բանի վրա խաղալ, այդ թվում նաեւ թիկունքի հետեւում քարտ պահելու վրա, որը մինչեւ վերջ հնարավոր չի վերացնել: Զառեր, խաղաթղթեր, այդպիսի արգելված առարկաներ անընդհատ վերցնում են, մեր ունեցած ազդակներով այլեւս հարկադրված մոլեխաղերը կասեցված են»:

Նախարարն ասաց, որ միջոցառումների պլան են մշակում, որ դատապարտյալներն ունենան զբաղմունք, աշխատանք, որ առօրյան ստիպված չլինեն լցնել խաղերով ու այլ զբաղմունքներով:

ՔԿՀ-ներում նաեւ հետեւյալն է արվել. Երեւանի 4 բժշկական հաստատություններում կլինի մասնաբաժին, որտեղ կբուժեն այն կալանավորներին, որոնց հնարավոր չի բուժել բանտային հիվանդանոցներում: Այսպիսով կալանավորի առողջության իրավունքը կապահովեն: Կալանավայրերում ու բանտերում տեսահեռախոսներ են դրել, որ կալանավորները կարողանան կապվել իրենց հարազատների հետ: Զեյնալյանն ասաց, որ դա վերաբերում է ոչ միայն նրանց, ում հարազատները հնարավորություն չունեն այցելել ՔԿՀ-ներ, այլ նաեւ օտարերկրյա քաղաքացիներին:

Գործարկել են ներման ինստիտուտը, արդեն շուրջ 160 ներման խնդրագիր է ներկայացված նախարարությանը, որից 115-ը ներկայացված է վարչապետին: Առաջիկայում ներման հանձնաժողով կձեւավորվի: Նախարարն ասաց. «Այդ ոլորտում նորամուծություններ ենք իրականացնելու, որոնք լինելու են ՀՀ պատմության մեջ առաջինը»: Հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի արդարադատության նախարարը:

Արտակ Զեյնալյանը նաեւ ասաց, որ 387 զեկույց է մշակվել դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ, որից 192-ը հրաժարվել են, որ իրենց գործը ներկայացվի դատարան, 228 գործ քննվել է, 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, դատարանում մերժվել է 144-ը, այսպիսի բավարարման ցուցանիշ չի եղել, առաջիկայում ցմահ դատապարտվածների մասով էլ կներկայացվեն դիմումներ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031