Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորահայտ նախաձեռնությունը Փաշինյանին առաջարկում է ՀՀԿ-ի վերցրած միջազգային վարկերը չվճարել

Օգոստոս 21,2018 13:15

«Դեռ 2012-ից այդ բանաձեւը ստեղծվել էր իմ ընկերոջ` քաղաքական գործչի կողմից, ուղղակի մենք 6 տարի չէինք գտնում ընդդիմադիր դաշտ: Գիտեք, ամենալավ միջոցը մարդկանց մի բան տեղ հասցնելու տաքսիստներն են, վարսավիրները եւ մատուցողները: Փորձեցինք տեղ հասցնել»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց նորահայտ «Ժողովրդի ձայն» նախաձեռնության հիմնադիր, ինքն իրեն որպես ծանրամարտիկ, քաղաքական գործիչ եւ վերլուծաբան ներկայացրած Աշոտ Աշոտյանը` վստահեցնելով, որ Փաշինյանի հեղափոխության մտահղացումն իրենցն է եղել:

Նա ասաց, որ իրենք կփորձեն օգնել նորաստեղծ կառավարությանը, բայց եթե հակասություն լինի ժողովրդի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ, իրենք կկանգնեն ժողովրդի կողքին:

«Հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Հեղափոխություն մենք չէինք արել նրա համար, որոշ մարդիկ պաշտոնանկ արվեին ու նշանակվեին նոր մարդիկ: Ինձ թվում է, նոր քաղաքական ուժերն էլ դա հասկանում են, իսկ եթե հասկանում են, դա նշանակում է, որ կան որոշակի հաղթողներ ու պարտվողներ: Որ չկարողանան ռեւանշ վերցնել, կան ազատ, դատարկ տեղեր, որոնք կարելի է շուտ լրացնել», – ասաց Աշոտ Աշոտյանը:

Աշոտյանը վստահեցրեց, որ ոչ մի Սորոս, ոչ մի այլ երկրից կազմակերպության ֆինանսավորում չեն ընդունելու. «Կընդունենք միայն այն դեպքում, երբ մեզանից ոչ մի պահանջ չունենան, ուզում են բարեգործություն անեն, թող անեն: Ուզում ենք, որ մեր հայ ազգն ունենա լուրջ պետություն ու պետականություն: Մշակված ծրագրեր ունենք: Առաջնահերթ ծրագիրը այն է, որ օգնենք մեր նորաստեղծ կառավարությանը: Կառավարությունից ինչպես մենք շատ գոհ ենք, այնպես էլ դժգոհ ենք, դժգոհ ենք կադրային քաղաքականությունից: «Ժողովրդի ձայնը» պետք է ուղիղ կապով համագործակցի Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօրվանից շատ շտապ առաջարկում ենք Սահմանադրության մեջ անել մի պուճուր փոփոխություն, որը շատ կհեշտացնի կառավարության, ԱԱԾ-ի գործը: Փոփոխությունը հետեւյալն է՝ ՀՀ բյուջեն համարվում է Հայաստանի ժողովրդի, ազգի սեփականությունը, որի մսխումը, ոչ օրինական օգտագործումը, թալանը հավասարվում է պետական հանցագործության: Այն մարդիկ, որոնք միլիոնների թալան են արել, պետական հանցագործներ են»:

Երկրորդ փոփոխությունը, որն առաջարկում է նախաձեռնության հիմնադիրը, այն է, որ ազգովի պետք է նախաձեռնել ակցիա-ստորագրահավաք ու հրաժարվել հետ վճարել արտաքին պարտքը` այն գումարները, որոնք որպես վարկ տրամադրվել են ՀՀ-ին եւ անհատների ձեռքում են հայտնվել. «Մենք պատրաստ չենք վերադարձնել այդ գումարները, մեր ազգը 25 տարի անընդմեջ ասում է, որ մեր ընտրությունները կեղծվել են, եվրոպացիք գալիս են խորոված-քյաբաբ են ուտում, խորովածը դե լավ բան է, ասում են՝ դե մի թեթեւ խախտումներ են եղել, չեն կեղծվել, մեզ այդ իշխանությունը դրել է վարկային բեռի տակ, մենք ՀՀԿ-ի իրավահաջորդը չենք, մենք էդ գումարները չենք վերադարձնի, ում տվել եք՝ նրանից էլ վերցրեք»:

Նա ասաց, որ իրենց նախաձեռնության անդամները մշակել են Արցախը ՀՀ-ի հետ միավորելու անարյուն տարբերակ-բանաձեւ. «Միտքը կա առայժմ թղթի վրա, փակագծերը չենք կարող բացել, ինչպես հեղափոխության բանաձեւը ստեղծվեց, այնպես էլ սա է ստեղծվել: Հեղափոխության մեր բանաձեւը ծիծաղելի էր այն ժամանակ, հիմա էլ Արցախի հետ միավորումը կարող է ծիծաղելի լինել, բայց դա հնարավոր է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031