Լրահոս
Օրվա լրահոսը

Չի ցանկացել առերեսվել. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 21,2018 12:07

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու՝ ՀՀ վերաքննիչ  դատարանի որոշման դեմ։

Վճռաբեկ բողոք են պատրաստվում ներկայացնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

– Պարոն Ալումյան, արդեն ներկայացրե՞լ եք բողոք, թե՝ ոչ, եւ պաշտպանական կողմն ի՞նչ պահանջով է դիմում Վճռաբեկ։

– Դեռ չենք ներկայացրել, աշխատում ենք հիմա։ Մեր կարծիքով՝ դատարանի որոշման մեջ պետք է գնահատականներ տրված լինեին նաեւ մեր մյուս փաստարկներին, որովհետեւ մենք մեր վերաքննիչ բողոքներում բավականին շատ փաստարկներ ենք ներկայացրել, որոնցից միայն մեկին է անդրադարձել դատարանը (Քոչարյանի անձեռնմխելիությանը.-հեղ.)։ Մեր վճռաբեկ բողոքի մեջ պահանջում ենք, որպեսզի Վճռաբեկ դատարանը գնահատական տա նաեւ մեր մնացած փաստարկներին, որովհետեւ, մեր կարծիքով մի շարք փաստարկների մեջ առնվազն երկու փաստարկը ոչ պակաս կարեւոր եւ ոչ պակաս հիմնավոր է մեր գնահատմամբ, քան անձեռնմխելիությունը։

– Կմանրամասնե՞ք՝ որոնք են այդ երկու կարեւոր փաստարկները։

– Դրանցից մեկին անդրադառնալու իրավունք չունեմ, որովհետեւ որոշ չափով իր մեջ շոշափում է պետական եւ նախաքննական գաղտնիք։ Մյուսի մասով մի այսպիսի ձեւակերպում  կա  մեղադրանքի   եւ առաջին   ատյանի   դատարանի որոշման մեջ, որ արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը եղել է ապօրինի, այսպիսի փաստարկ ունի մեղադրանքի կողմը, որը առաջին ատյանի դատարանը նույնպես ընդունել է։ Մենք գտնում ենք, որ դատարանը եւ նախաքննական մարմինը իրավունք չունեն այդպիսի գնահատական տալ, որովհետեւ նախագահի հրամանագիրը կարող է վիճարկել միայն Սահմանադրական դատարանը, այստեղ ինստիտուտների խնդիր կա, թե որ ինստիտուտը իրավունք ունի այդ հարցին անդրադառնալ ու այդպիսի գնահատականներ տալ։ Եթե Սահմանադրության մեջ նշված է, որ նախագահի հրամանագիրը միայն Սահմանադրական դատարանը կարող է ճանաչել Սահմանադրությանը հակասող, ապա նշանակում է, որ ոչ մի ուրիշ մարմին չի կարող դա անել։ Տվյալ դեպքում նախաքննական մարմինը հենց այդպիսի պնդումներով է փորձել մեղադրանքը հիմնավորել։

– Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն կատարվե՞լ է, թե՝ ոչ։

– Չի  ցանկացել  առերեսման մասնակցել, դա քննարկվել է։

– Ո՞ւմ հետ պետք է առերեսում կատարվեր։

– Դա չեմ կարող ասել։

– Չե՞ք կարող ասել, թե ինչ կարգավիճակ ունի այդ անձը սույն քրեական գործով։

– Ոչ, զուտ ավելորդ ենթադրությունների տեղիք չտալու համար։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031