Ռոբերտ Քոչարյանը մեդիա մագնատ դառնալու հայտ է ներկայացրել։ Սոցիալական ցանցերում տեղեկության տարածվեց, որ 2-րդ նախագահը «առել է» «Արարատ», «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունները, BlogNews.am, News.am, Panorama.am լրատվական կայքերը։
Քոչարյանը ԶԼՄ-ների տեր դառնալու ցանկություն հայտնեց այն ընթացքում, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց։ Ասել է, թե Քոչարյանը, որը փորձում է ներկայանալ որպես «քաղբանտարկյալ», որոշել է իր փողերը ծախսել իշխանություններին վարկաբեկելու ուղղությամբ։
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ 2018 թ, օգոստոսի 10-ից «Արարատ» հեռուստաընկերությունն անցել է քոչարյանամերձ գործարարներից մեկին։ Խոսքը Արմեն Թավադյանի մասին է։ «Դա բաց աղբյուրներից ստացված տեղեկատվություն է։ Այստեղ որեւէ գաղտնիք չկա։ Ելնելով նոր սեփականատիրոջ՝ Արմեն Թավադյանի անունից, հետեւելով նրա անվան հետ կապվող կազմակերպությունների եւ բիզնեսների անուններին, որոնք կապվում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, հիմք են տայիս այդպես մտածելու։ Մեզ մոտ հիմնովին կասկածներ կան, որ դա կապ ունի Քոչարյանի հետ»,- ասաց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ առաջին դեպքն է, երբ հեռուստաընկերության սեփականատեր է փոխվում, բայց հանձնաժողովը չի տեղեկանում այդ մասին։ ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ասաց, որ օրենքով հեռուստաընկերության սեփականատերը պարտավոր չէ հանձնաժողովին տեղեկացնել հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխության մասին։ Սակայն նախկինում իշխանությունների կողմից ոչ օրինական պահանջ է եղել, որ պարտադիր ներքին կարգով տեղեկացվի։ Նրա փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունը պարտավոր է հանձնաժողովին տեղեկացնել գործադիր տնօրենի փոփոխության մասին։ Սակայն «Արարատ» ՀԸ-ի հետ կապված հանձնաժողովը տեղեկություն չի ստացել։ «Եթե չեմ սխալվում՝ մեզ պետք է տեղյակ պահեն 5 օրվա ընթացքում։ Մենք դեռ որեւէ թուղթ չենք ստացել, բայց անպայման ստանալու ենք։ Դա բաց տեղեկատվություն է»,- ասաց նա։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում