Այսօր թերթերից մեկին տված հարցազրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կտրականապես դեմ էր արտահայտվել Հայկ Մարությանի թեկնածությանը`Երեւանի քաղաքապետի պաշտոնում, նշելով, որ շոումենները տեղ չունեն քաղաքականության մեջ։ Նա նաեւ դեմ էր արտահայտվել Նաիրա Զոհրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի թեկնածություններին, նշելով, որ նրանք երկուսն էլ կիսասկանդալային գործիչներ են։ Ավելին, նա նշել էր նաեւ, որ Նաիրա Զոհրաբյանը «նիկոլփաշինյանական» թերթի ներկայացուցիչ է եղել։
«Գիտեք, յուրաքանչյուր ոք ազատ է ունենալ սեփական տեսակետն ու մոտեցումը, եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա։ Ինչի՞ ենք ես եւ Զարուհի Փոստանջյանը կիսասկանդալային գործիչներ, դա եւս ճաշակի եւ քաղաքական գործչի կերպարի մասին ունեցած մոտեցման խնդիր է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը։ Ինչ վերաբերում է թերթին, որտեղ ինքն աշխատել է, ապա տիկին Զոհրաբյանն ասաց. «Ես հպարտ եմ, որ աշխատել եմ «Հայկական ժամանակում», որովհետեւ իր ժամանակին «Հայկական ժամանակը», կարծում եմ որեւէ մեկը դրան չի առարկի, մեծ դեր խաղաց ազատ մտածող, սեփական տեսակետն ու սկզբունքերն ունեցող քաղաքացի ձեւավորելու գործում։ Մենք, լրագրողներս, ովքեր դուրս ենք եկել «Հայկական ժամանակից», գուցե ունենալով տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ, այդ թվում` սկզբունքային, այդուհանդերձ, մեզանից շատերն ունեն մեկ, ըստ իս, կարեւոր մի ընդհանրություն՝ մենք մտածում ենք ազատ, մենք գործում ենք ազատ, եւ մեզ որեւէ բանով սպառնալ կամ վախեցնել հնարավոր չէ։ Ուստի, եթե պարոն Շաքարյանցը կարծում է, որ «նիկոլփաշինյանական թերթի լրագրող» ասելով վիրավորել է ինձ, ապա հարգարժան քաղաքագետը սխալվում է։ Այսօր նույն այդ թերթից դուրս եկած լրագրողները մեր լավագույն խմբագիրներից են՝ Արմինե Օհանյանը «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը, Մարիաննա Գրիգորյանը «Մեդիլալաբ» կայքի խմբագիրը, որը այսօր ամենաազատ հարթակներից մեկն է եւ էլի շատերը»։ Ի վերջո այդ թերթից է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ինչ վերաբերում է մտքին, որ դերասանը կամ լրագրողը չի կարող լինել լավ քաղաքապետ, ապա Նաիրա Զոհրաբյանն անգամ իմաստ չի տեսնում դա մեկնաբանելու մեջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ