Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել հուլիսի 23-28–ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացած «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի հաղթող Երևանի թիմի մասնակից ընտանիքներին ու մարզիչներին:
Շնորհավորելով մարզական այս ստուգատեսի մասնակիցներին՝ Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել երևանյան ընտանիքներին, մարզիչներին և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի ներկայացուցիչներին՝ մայրաքաղաքի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար, և մաղթել քաջառողջություն ու հետագա նվաճումներ: Ընդգծվել է նաև հաշմանդամ մարզիկների մասնակցության կարևորությունը՝ որպես մեր հասարակության լիարժեք անդամների: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Գևորգյանների ընտանիքի ներկայացուցիչ փոքրիկ Աննան, ով մրցաշարի մեկնարկում ոտքի լուրջ վնասվածք էր ստացել, բայց դրսևորելով կամային հատկանիշներ՝ շարունակել է մասնակցել մրցաշարին՝ նպաստելով թիմային հաշվարկում Երևանի թիմի հաղթանակին:
Մայրաքաղաքի թիմի ավագ Էրիկ Վարդանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի պատասխանատուներին՝ թիմի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար: Թիմի ավագը հաղթանակը նվիրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին՝ գավաթը փոխանցելով Կամո Արեյանին, ով իր հերթին այն ի պահ է հանձնել Երևան քաղաքի պատմության թանգարանին:
Հիշեցնենք, որ Երևանի թիմն ընդհանուր հաշվարկում հաղթող է ճանաչվել 1832 միավորով՝ 7-րդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի գավաթը: Մարզական միջոցառումն այս տարի հոբելյանական էր և անցկացվում էր 15-րդ անգամ: Այն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևում: Մրցույթի 1-ին փուլին Երևանից, Արցախից և Հայաստանի Հանրապետության մարզերից մասնակցել է 2880 ընտանիք կամ 8640 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել 144 ընտանիք: Եզրափակչին այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք, որոնցից 12-ը ներկայացնում էր Երևանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն