Լրահոս
Օրվա լրահոսը

Ելույթի հիմնական թեզերը

Օգոստոս 21,2018 10:07

Կառավարության 100 օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց հանրահավաքով: Դա, ըստ երեւույթին, ասելիքը ներկայացնելու իր գերադասելի ձեւն էր, նաեւ «թեսթ» էր՝ արդյոք նա վայելում է հասարակական նույն աջակցությունը, որն ուներ հեղափոխության օրերին: «Թեսթի» պատասխանը, կարծում եմ, դրական է՝ այո, Հայաստանի քաղաքացիների հիմնական մասի վերաբերմունքն իր նկատմամբ մնացել է նույնը՝ աջակցությունը հսկայական է:

Հիմա՝ ըստ ելույթի բովանդակության:

1/ Պատասխան Քոչարյանին: Երկրորդ նախագահն իր երկու հարցազրույցներով փորձեց «ատամներ ցույց տալ», վարչապետն իրենը ցույց տվեց: Քոչարյանի ատամներն այնքան էլ սուր չեն՝ նա, ի տարբերության Սերժ Սարգսյանի, ադեկվատ չի գնահատում իրավիճակը եւ չի զգում, թե ինչպես է հասարակության մեծ մասն իրեն վերաբերվում (չհաշված թերեւս բյուրակրատիայի մի քանի հարյուր ներկայացուցիչների, որոնք երազում են վերադառնալ իրենց «նախկին կայֆերին»): Առանց վարչական լծակների, միայն նյութական միջոցներով Քոչարյանն այն՝ «ահեղ» Քոչարյանը չէ:

2/ Անցումային արդարադատություն: Տեղ խնայելու համար առաջարկում եմ համացանցում նայել, թե ինչ է դա նշանակում: Այդ դեպքում մտահոգություն ունեցողները կհամոզվեն, որ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Արեւելյան Եվրոպայում տարբեր ժամանակներում իրականացված միջոցառումները ոչ մի կապ չունեն «տրոյկաների» եւ «հեղափոխական տրիբունալների» հետ եւ հակառակը՝ ուղղված են նախկինն ու ներկան հաշտեցնելու: Իհարկե, այդ միջոցառումները կարելի է անցկացնել լավ եւ վատ՝ երկրորդ դեպքում, ինչպես վկայում է նույն միջազգային փորձը, հաշտեցման փոխարեն կլինի նոր առճակատում:

3/ Նախկին իշխանությունից, ըստ վարչապետի, հրամաններ ստացող դատավորներին «խելքները գլուխները հավաքելու» կոչը: Եթե անգամ սա սպառնալիք չէ, ապա բոլոր դեպքերում կարող է դիտվել որպես ուղղորդում եւ միջամտություն: Գործադիր իշխանության ներկայացուցիչը կամ ղեկավարը չպիտի գնահատականներ հնչեցնի դատավորների հասցեին: Ի դեպ, չպիտի նաեւ հայտարարի, թե որ լրատվամիջոցներն են «հակապետական»:

4/ Քանի որ վարչապետի հրաժարականով եւ երկու անգամ վարչապետ չընտրելով խորհրդարան լուծարելը որոշ չափով ռիսկային է Փաշինյանի համար (ՀՀԿ-ն կարող է փորձել անցկացնել սեփական թեկնածուին), առաջարկվում է փոխել սահմանադրությունը եւ նախատեսել խորհրդարանի ինքնալուծարումը: Տրամաբանական է: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա արվելու՝ ԱԺ որոշմա՞մբ, թե՞ հանրաքվեով: Ինձ թվում է, երկրորդ տարբերակն ավելի գերադասելի է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Կարծես թե Սահմանադրությունը թույլատրում է ԱԺ-ի լուծարումը միայն 149 հոդվածի 3-րդ մասով՝ վարչապետ չընտրելու կապակցությամբ: Այլ դեպքերում ԱԺ լուծարում չկա, միաժամանակ չկա սահմանադրական փոփոխությամբ ԱԺ լուծարում կամ ինքնալուծարում մտցնելը:

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Մոռացա ասել, որ հանրաքվեով ևս նման փոփոխության իրավասություն տրված չէ. հարցի միակ լուծումը Սահմանադրության նոր նախագծի մշակումն է համապատասխան մեխանիզմներով:

  3. Ruben says:

    Պատմությունը կրկնվում է:
    Ժողովրդի հիշողությունը կարճ է և «ոտքը կրկին նույն փոցխի վրա է դնում»:

  4. Լավատես says:

    Պետությունը՝ համակարգ է, օդանավը նույնպես համակարգ է, օդանավի անձնակազմը՝ օդանավը վարելու ու անկանխատեսելի իրավիճակներից դուրս բերելու մասնագետներ են, ուղեւոր քաղաքացիներն էլ կարգապահորեն ենթարկվում են համակարգի օրենքներին: Մենք մե՛ր օդանավ պետությունը պետք է ստեղծենք, մենք մե՛ր օդաչու վարչապետներին պետք է պատրաստենք, մենք պետական համակարգի մե՛ր տեսաբաններն ու արտադրողները պետք է ունենանք, դրանից հետո միանգամայն նշանակություն չունի, թե ո՞վ է օդանավի հրամանատարը կամ պետության վարչապետը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031