Տավուշի մարզի Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի բնակիչները մեզ են դիմել, հայտնելով, որ չեն դիմանում իրենց շենքի բակում կոյուղաջրերի խեղդող հոտին, հակասանիտարական վիճակին: Այսօր՝ օգոստոսի 20-ին եղանք Այրում քաղաքում:
Բարեկամության փողոցի 7-րդ շենքի բնակիչները ցույց տվեցին կոյուղու 3 դիտահորերը: Շենքի բակում կոյուղու լճակներ են, կոյուղաջրերի բաց հոսքից շենքի հիմքի մոտ թարմ կանաչ է աճել: Բազմաբնակարարան շենքում ապրողներն ասացին,որ կոյուղու խողովակները մաշված են: Խցանված կոյուղագծերից կոյուղաջրերը ետ են հոսում շենքի բնակարաններ:
Բնակիչները չեն բացում շքամուտքի դռները, բնակարանների պատուհանները, քանզի չեն կարողանում շնչել, գարշահոտը խեղդում է: Շենքում ասթմայով հիվանդներ կան, որոնց վիճակն ավելի է վատանում: Այդ շենքում 40-ից ավել ընտանիք է բնակվում, շենքի 18 երեխաները խաղալու տեղ չունեն: Բազմաբնակարան շենքի բնակիչներ Հարություն Հարությունյանը եւ Խաչիկ Ահարոնյանը հայտնեցին, որ 5 տարի առաջ շինարարները կոյուղագիծը փոխելիս սխալ ուղղությամբ են կառուցել,այսինքն՝ փողոցից դեպի շենքի բակում գտնվող հիմնական դիտահոր, որի հետեւանքով հիմնական դիտահորը մեկ մետր բարձր է գտնվում, քան այնտեղից դուրս եկող կոյուղու խողովակը:
Շենքի բնակիչներ Աստղիկ Ռեւազյանն ու այլոք ասացին, որ խցանված կոյուղագիծը ժամանակավորապես բացելու համար իրենք պարբերաբար գումարներ են հավաքում, կոյուղագիծը հիմնանորոգելու համար պատրաստ են ֆինանսական ներդրում կատարել: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն ասաց, որ կոյուղագիծը սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, որը բնակիչներից յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի համար գանձում է 180 դրամ, այդ գումարը ներառում է նաեւ կոյուղագծերի սպասարկման վճարը: Համայնքապետը հայտնեց, որ կոյուղագիծը վերակառուցելու համար ինքը բազմիցս դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, խոստացել են, որ կգան, կվերակառուցեն սխալ սարքված կոյուղագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ