«Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն: Իրար խառնվել են, ինչի՞ են խանգարում, այլ կարծիք չպե՞տք է մենք ունենանք այս երկրում: Դիմում ենք բոլորին, նաև Ձեզ պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նախ ինքը պետք է լիներ քաղաքականության մեջ, որպեսզի դա հետո կոչվեր վերադարձ: Նա քաղաքականության մեջ չի եղել: Միամտություն է ասել, որ նա քաղաքականության մեջ էր: Նա խոպան էր եկել, ի՞նչ քաղաքականությունը եւ «երկրորդ ախորժակով» սկսեց ուտել, չէր կշտանում, սոված ոսկոր էր»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի`քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություններին, ասաց «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ, «Արաբկիր» երկրապահ ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը:
Մեր զրուցակիցը հիացած չէ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսից: Ինքը կարծում է`որքան շատ խոսի Ռոբերտ Քոչարյանն, այնքան լավ, քանի որ անընդհատ նորանոր բացահայտումներ է անում, ինքն իր դեմ ցուցմունք է տալիս: «Երկիր մեդիայի» հարցազրույցում նա ասեց այն, ինչը ցանկանում էր, ասել, մինչդեռ, եթե ասուլիսը հաջողվեր, ինքը չէր կարող այդպես հանգիստ, պայմանավորված խոսել այն ամենի մասին, ինչ ուզում էր»: Այդ հարցազրույցում էլ, մեր զրուցակցի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ հանցագործ է. «Որ պետք է դատվի, պետք է նստի եւ երկար ժամանակով: Նա կարող է բողոքել, գոռալ բայց ուշադրություն պետք չէ դարձնել (հայտնի ֆիլմի մոտիվներով հումոր է անում մեր զրուցակիցը- Ն. Գ.):
Ի դեպ, անցած ուրբաթ օրը կայացած Նիկոլ Փաշինյանի հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում, նաեւ պաշտոնական հայտարարություններ եղան այն մասին, որ նա շանտաժով է խոսում դատավորների, խորհրդարանի հետ: «Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: Մասնավորապես, գործադիր իշխանության ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հավաքեք» դիմելաձեւը դատավորներին պարզապես սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն է բոլոր ընթացիկ եւ հետագայում հարուցվելիք դատական քննություններին, որոշումներին: «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ»,- ասված է ԱԺ նախագահի`այսօր տարածած հայտարարության մեջ:
Հովհաննես Հարությունյանը համամիտ չէ: Ասում է «խելքներդ գլուխներդ հավաքեք»-ը շանտաժ չէ, զգուշացում է. «Մարդը եթե մեկին զգուշացնում է, ասում է` խելքներդ գլուխներդ հավաքեք`վրաերթի կենթարկվեք, շանտա՞ժ է դա, զգուշացում է: Մենք մեր երեխաներին ասում ենք, բացատրում ենք`դա շանտա՞ժ է: Ասում է`խելոք մնացեք, հանգիստ մնացեք: Ի՞նչ է, իրենք մոռացե՞լ են իրենց շանտաժները, նույնիսկ ասել են`վերջ, «Մարտի 1» գոյություն չունի: Բայց ինչպես տեսնում եք`«Մարտի 1» էլ գոյություն ունի, «Հոկտեմբերի 27» էլ, «Ապրիլի 12» էլ…»:
Որոշ գործիչներ նաեւ առճակատումը չեն բացառում, քաղաքացիական պատերազմի մասին կանխատեսումներ էլ եղան: «Էդ մարդը`Գառնիկ Իսագուլյանը, միջազգային խառնակիչ է: Մի հատ տեսեք նա ե՞րբ է հայտնվում, ի՞նչ է ասում… Ինչո՞ւ եք մեզ լարում ձեր դեմ: Գնալուց առաջ մի քանի հոգով փրկվելու համար մարդկանց ուզում եք վատություն անել, կրակի մեջ գցել: Հավաքում եք, ճանապարհ փակելու կոչ անողներ կան, նախագահական էին գնացել… ինչի՞ եք էդ մարդկանց բերում, ախր էնտեղ մարդիկ կան, որ նկարում են, վաղը` նրանց, Վահան Հովհաննիսյանի ասածի նման`դալաններում, փողոցներում կսատկացնեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ