Այգեստան, Դվին, Վերին Արտաշատ, Կանաչուտ եւ այլ գյուղերի բնակիչներն այսօր կառավարության շենքի առաջ ոռոգման ջուր էին պահանջում, որպեսզի այգիները ջրեն: Նրանց խոսքով, բերքը ծառերի վրա, բանջարեղենն էլ գետնին չորացել՝ չիր են դարձել, քանի որ ՋՕ-ի ղեկավարն ու Հովիկ Աբրահամյանի ընտանիքը սեփական այգիներն է ջրում եւ թույլ չի տալիս, որ ջուրը հասնի գյուղացիներին:
Նախ՝ դիմել են Արարատի մարզպետարան, ապա, հարցին դրական լուծում չստանալով եկել կառավարություն:
Aravot.am-ի հետ զրույցում Հենրիկ Ավագյանն ասաց, որ իրենց ընդունել է Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ խոստանալով հարցին լուծում տալ:
«ՋՕ-ի ղեկավարը եւ նրա տեղակալը Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ սաբոտաժ են անում, հանրապետականները սաբոտաժ են անում, հանրապետականներին դրել են ՋՕ-երի տնօրեններ, տեղակալ, որ կարողանան իրենց հողերը ջրեն, մնացածն ինչ ուզում է թող անի»,-ասաց Հենրիկ Ավագյանը:
Գյուղացիների խոսքով ամբողջ տարի չարչարվում են, քրտինք են թափում, որ սեզոնին եկամուտ ունենան, բայց վերջում ինչպես ամեն տարի չարչարանքը ջուրն է լցվում: Հենրիկ Ավագյանի հաշվարկներով, այս պահին արդեն մարդ կա 150 հազար դրամի վնաս է կրել, սակայն ավելի խոշոր գյուղատնտեսները ջրի բացակայության պատճառով 2-3 միլիոն են վնաս կրում. «Մարդիկ վարկերի տակ ճռռում են, պոմիդորը քոլի վրա չիր է դարձել, բայց ջուրը չկա, որ իրենց բերքը ջրեին, այսօր բերքահավաք անեին: Փոքր երեխաների հետ քաղհան են անում, հետո նստեն լաց լինե՞ն այդ հողի վրա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ