Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխության հետևանքները Կարեն Կարապետյանի երազած կարմիր փողոցում

Օգոստոս 20,2018 17:54

Տևական ժամանակ է՝ Գյումրու «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող  Շիրազի անվան փողոցում, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնել էր վերանորոգել՝ դարձնելով ճիշտ այնպիսի տուրիստական վայր, ինչպիսին Ռուսթավելու անվան փողոցն է, շինաշխատանքները մնացել են կիսատ։ Փողոցը քարուքանդ են արել,ամառն անցնում է, սակայն շինարարություն այդպես էլ չի ընթանում։

Արդեն որերորդ անգամ է՝ այդ փողոցում գտնվող սպասարկման օբյեկտների տերերն ու բնակիչները մեզ են դիմում ` խնդրելով հստակեցնել՝ արդյո՞ք ավարտին է հասցվելու  փողոցաշինությունը, թե՞ իշխանափոխությունից հետո կիսատ է մնալու։ Ըստ բնակիչների, փոշուց խեղդվում են, շնչել չի լինում։

Հիշեցնենք,որ Գյումրու պատմական կենտրոնը տուրիստական գոտու վերածելը նախկին վարչապետի ծրագիրն է, և բնակիչների անհանգստությունը հենց այդ է՝ միգուցե նոր իշխանությունը չցանկանա՞ շարունակել Կարեն Կարապետյանի սկսած գործը։

Այս թեմայի շուրջ մենք մի անգամ պարզաբանում ստացել էինք Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից, որը հավաստիացրել էր, թե ֆինանսավորման խնդիր չկա, Համաշխարհային բանկն է ֆինանսավորողը, անպայման ավարտին կհասցնեն։

Այս անգամ պարզաբանումներ խնդրեցինք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից։

«Ընդունում եմ, որ անհանգստացրել ենք մարդկանց, բայց օգոստոսի 9-ին մրցույթը կայացել է, այնտեղ ինչ-որ ժամկետ կա, բնապահպանական խնդիր կա, ամենաուշը մինչև սեպտեմբերի 1-ը կսկսենք շինարարական աշխատանքները, եթե ավելի արագ չսկսենք։ Բայց մեր մեղավորությունը չէ, գիտեք, որ կոմունիկացիաները լրիվ նորը տեղադրեցինք, ջրահեռացման համակարգ, գազի համակարգ, մալուխները լրիվ իջեցրեցինք, ՀԷՑի- հետ աշխատանք, կաբելայինը լրիվ վերանորոգեցինք։

Եվ այսօր ունենալու ենք այնպիսի փողոց, ինչպիսին Ռուսթավելին է․ խաչմերուկները լինելու են մանրաքարերով, իսկ ընդհանուր` ասֆալտապատ ( ի դեպ,Կարեն Կարապետյանը ուզում էր, որ փողոցը կարմիր գույնով ասֆալտապատվի, սակայն խիստ ծախսատար լինելու պատճառաբանությամբ հետագայում փոխեցին ծրագիրը- Ա․Ն․)։ Հասկանում եմ նաև, որ մեծ անհանգստություն ենք պատճառել և բնակիչներին, և տրանսպորտին, բայց այսպես արագ հնարավոր չէ․ թեև մենք մարտ ամսվա սկզբից սկսել ենք այդ աշխատանքները, ավարտել մայիսին։

Համաշխարհային բանկի գումարներով է, խնդիրներ եղան՝ կիսանախագահական էր մեր երկիրը, հետո դարձավ խորհրդարանական, այնտեղ փոփոխություններ եղան, և այդ փաստաթղթերի պատճառով խնդիրներ եղան։ Համաշխարհային բանկը մինչև ստացավ համապատասխան եզրակացությունները, թղթերը, պայմանավորվածությունները, դրանից հետո հատկացվեց գումար, նոր մենք կարողացանք մրցույթ հայտարարել։ Եվ դա արվում է տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, որը մրցույթը հայտարարել է։ Նույնիսկ երկու լոտի ենք բաժանել, որովհետև ոչ միայն Շիրազ փողոցն է, այլեւ Շիրազ փողոցից դեպի կենտրոն, դեպի հյուսիս եկող փողոցներն են և դեպի հարավ գնացող փողոցներն են։ Այսինքն՝ մեկ խաչմերուկ մենք Ռուսթավելիից ասֆալտապատելու ենք, մեկ խաչմերուկից բոլոր 5 փողոցները, և դեպի էս կողմ՝ մինչև Ջիվանու հրապարակ, Գայի փողոց և Վարպետաց փողոցով մինչև կենտրոնական հրապարակ, չհաշված հրապարակները նույնպես ասֆալտապատելու ենք։ Այնպես որ հասկանում եմ, ընդունում եմ այդ անհանգստությունը, մենք նույնիսկ եթե չհասցրեցինք, հրապարակները չենք քանդի, կսպասենք ձմեռն անցնի, որպեսզի շատ որակով լինի, բայց որ մենք անպայման ուզում ենք դեկտեմբերի 7-ին շահագործման հանձնած լինեք Շիրազի փողոցը՝ իրեն կապող փողոցներով, սա միանշանակ է։

Նորմալ գնում է, ուղղակի ժամանակացույցը Համաշխարհային բանկի հետ է կապված, մենք երևի թե ամեն օր մի տաս անգամ Վաշինգտոն զանգեցինք,, մյուս ներկայացուցիչներին, որպեսզի կարողանայինք արագացնել այդ պրոցեսը, այդպիսին է ընթացակարգը, ինչ ասեմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031