Մարդու իրավունքների պաշտպանը կարծիք է հայտնել, որ անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ:
Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այս առչությամբ ասաց. «Ես ցավում եմ: Երեկ շատ կարծիքներ արտահայտվեցին, բայց ինձ համար շատ ցավալի էր հատկապես մարդու իրավունքների պաշտպանի կողմից լսել նման տեսակետ, որովհետեւ ՄԻՊ-ը, ըստ էության, հերքում է, որ մարդու իրավունքների զանգվածային խախումներ են տեղի ունեցել թե՛ 2003-ին, թե՛ 2004-ին, 2005-ին, 2007-ին, 2008-ին, 96-ին, 95-ին: Ըստ էության, ՄԻՊ-ը փորձում է անտեսել, հերքել անհերքելին, որը փաստագրված է: Ինձ համար ապշեցուցիչ է, որ օմբուդսմենը անտեսում է անգամ նախորդ պաշտպանի՝ Կարեն Անդրեասյանի զեկույցը դատական իշխանության մասին, որ ամբողջովին բացահայտում է դատական իշխանության ողբալի վիճակը»:
Սաքունցը հիշեցրեց, որ մեր բոլոր մարդու իրավունքների պաշտպանները իրենց ժամկետը մինչեւ վերջ չեն պաշտոնավարել. «Ինչո՞ւ, որովհետեւ ամեն անգամ, երբ համակարգային նշանակության խնդիրներ են բարձրացրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստերով՝ պետական կարիքների զեկույցը, Մարտի 1-ի զեկույցը, հիշեք Արմեն Հարությունյանի, Կարեն Անդրեասյանի զեկույցները, նրանք ստիպված են եղել թողնել իրենց պաշտոնները՝ սպառնալիքների, ճնշումների արդյունքում, այսինքն, հենց ՄԻՊ-ի ինստիտուտի պատմությունը վկայում է, որ անձեռնմխելի անձն է վտանգված եղել, եւ ինձ համար տարօրինակ է, որ դրա մասին ասում է մարդու իրավունքների պաշտպանը: Հասկացանք, փաստաբանական պալատի նախագահն առանց այն էլ չուներ որեւէ վստահություն ասեմ, թե ինչ, բայց ինձ համար ցավալի էր հենց ՄԻՊ-ի մոտեցումը: Հենց ombuds.am կայքէջում իր նախորդների զեկույցները լիքն են, ընդամենը պետք է կարդալ, ի մի բերել, վերհիշել, իրապես շատ եմ ցավում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իր պաշտոնը ստանձնելու օրից սկսած, մարդու իրավունքների պաշտպանը պասիվ ու անտարբեր լինելով քաղբանտարկյալների հալածանքների նկատմամբ, այժմ ակտիվություն է ցուցաբերում նախկին իշխանավորների շահերը պաշտպանելու ուղղությամբ: Ամիսներ առաջ (գուցե՝ ավելի շուտ), երբ դահլիճ ներխուժած ակտիվիստները ելույթ ունեցող Թաթոյանի ամբիոնին փակցրեցին «ՀՀԿ-ի պաշտպան» ցուցանակը, դա համարեցին էթիկայի նորմերի խախտում: Պարզվում է սակայն, որ ակտիվիստները ճիշտ էին և փակցրած ցուցանակի բովանդակությունը ուժի մեջ է մինչև հիմա: