«Հասուն քաղաքական մարդը մի փոքր կպատկերացներ երկրում իրավիճակը, տրամադրությունները`սեփական անձի նկատմամբ եւ կհաշվարկեր` արդյո՞ք արդարացված է իր`քաղաքականություն վերադարձը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2008 թվականին համաժողովրդական շարժման անդամ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն`անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի`քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը : Մեր զրուցակիցը Ռոբերտ Քոչարյանի այդ քայլը ինքնապաշտպանություն է որակում. «Միեւնույն է, վաղ թե ուշ` նա նստելու է: Հավանաբար հույս ունի, որ իբրեւ քաղբանտարկյալ` իրեն ավելի պաշտպանված կզգա»: Ինչեւէ, մեր զրուցակիցը առնվազն առաջիկա տասը տարիներին չի պատկերացնում Ռոբերտ Քոչարյանի վերադառնալը քաղաքականություն. «Բոլոր նրանք, ովքեր այսօր կարող են Ռոբերտ Քոչարյանին միանալ, արժանանալու են ժողովրդի ատելությանը եւ նույնացվելու են Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդեն իսկ տեսանելի է, թե ովքե՞ր նման միտումներ ունեն, ովքե՞ր են վճարվում, որպեսզի պաշտպանեն Ռոբերտ Քոչարյանին… Ամեն դեպքում, ամեն ինչ չէ, որ կարելի է փողով գնել. վստահությունը, հանրագանքը եւ հասարակության վերաբերմունքը փողով գնել հնարավոր չէ, վաղ թե ուշ`դա պայթելու է»:
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում, տիկին Սարգսյանի գնահատմամբ, կուսակցությունների միջեւ բավական լուրջ պայքար է գնալու: Կարծում է` Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը շատ կուսակցությունների խաղաքարտեր կարող է խառնել, բայց միեւնույն է, ըստ իրեն, այդ կուսակցությունների եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ է պայքարը գնալու, ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քանի որ «Քաղաքացիական պայմանագրի» ձայների վրա ազդելու որեւէ հնարավորություն Ռոբերտ Քոչարյանը չի ունենալու: «Թող փորձի: Եթե կկարողանա մտնել քաղաքականություն, եթե կկարողանա դուրս գալ հրապարակ` խոսել մարդկանց հետ եւ առանց վիրավորանքների այնտեղից հեռանալ, կասեմ`այո, կա իրեն աջակցող ընտրազանգված: Բայց ես վստահ եմ, որ դա այդպես չէ: Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր ուղիղ կաջակցեն Ռոբերտ Քոչարյանին»:
«Հայաստանում, կարծում եմ, չի գտնվի մեկ տոկոս մարդ, ովքեր կցանկանան վերադառնալ նախկին վարչակազմի ղեկավարման համակարգին: Կարծում եմ, դրանով էր նաեւ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մարդաշատությունը: Հասարակությունը վտանգ տեսավ, որ կարող է հեղափոխությունն օրորոցում խեղդվել, ուստի, եկան եւ աջակցեցին, որովհետեւ իրենք բոլորն այդ հեղափոխության մի մասն են: Քաղաքացին այսօր իրավապահանջատեր է. գիտակցում է իր իրավունքները եւ պահանջատեր է»,- ասում է տիկին Սարգսյանը` հավելելով, որ նոր իշխանություններին քննադատելիս պետք է զուսպ լինենք, քանի որ երկրում իրավիճակը շատ լուրջ է:
Լյուդմիլա Սարգսյանը կիսում է մտահոգությունները, որ երկրում իրավիճակը լուրջ է, բայց քիչ հավանական է համարում քաղաքացիական պատերազմի մասին կանխատեսումները: «Ես չեմ տեսնում մի քաղաքական ուժ կամ գործիչ, որը կկարողանա դիմակայել ժողովրդի`այս չափով ճնշանը, իսկ որ ժողովրդի գերակշռող մասն այսօր Նիկոլ Փաշինյանի եւ նոր կառավարության հետ է, ես դրանում չեմ կասկածում»: Նա հնարավորություն չի տեսնում, որ այս կարճ ժամանակահատվածում ձեւավորվի այնպիսի քաղաքական ուժ, որը համարժեք կլինի «Քաղաքացիական պայմանագրին»: Նաեւ ասում է` լծակները նոր կառավարության ձեռքում են, եւ Ռոբերտ Քոչարյանն ու իրեն սատարողները չեն կարող ուժ կիրառել:
Այլ մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ