Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուտ իրավական տեսանկյունից, այո, զենք վաճառելու հետ կապված կետ չկա պայմանագրում, բայց դա հակասում է ՀԱՊԿ-ի ոգուն». Արմեն Վարդանյան

Օգոստոս 20,2018 17:10

«Դա հակասում է ՀԱՊԿ-ի ոգուն, բայց զուտ իրավական տեսանկյունից, այո, զենք վաճառելու հետ կապված կետ չկա պայմանագրում, և դրա համար էլ Բելառուսի դեսպանը հղում է կատարում ՀԱՊԿ կանոնադրությանը»,-Aravot.am-ի հարցին՝ ՀԱՊԿ կանոնադրության որևէ կետի խախտո՞ւմ է այն, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին, այսպես պատասխանեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, պատասխանելով հարցին՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, նշել էր. «Դուք էլ եք ՀԱՊԿ անդամ եւ դուք էլ ունեք հնարավորություն այս կամ այն գործողություններն անել, ես չեմ ասի, թե ինչպիսի ու չեմ մեկնաբանի: Վերաբերվեք այդ հարցերին հավասարակշռված, ասեք, թե կոնկրետ որ փաստաթղթի որ դրույթն ենք խախտել, չենք կատարել մեր պարտականությունները, այդ դեպքում կլինի կառուցողական փոխգործակցություն, ոչ թե էմոցիոնալ»:

Արմեն Վարդանյանի փաստմամբ՝ ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածը սահմանում է. «ՀԱՊԿ անդամ պետությունները չպետք է մտնեն ռազմական միությունների կամ պետությունների այլ խմբավորումների մեջ, ինչպես նաև գործողությունների մեջ, որոնք ուղղված են անդամ մյուս երկրներին»:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ այս դրույթը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, բայց կոնկրետ զենքի վաճառքի մասով ՀԱՊԿ պայմանագրում չկա որևէ կետ, որ չպետք է զենք վաճառեն:

Մեր դիտարկմանը՝ իրավական տեսանկյունից հասկանալի է, բայց արդյոք Բելառուսի դիրքորոշումն արդարացվա՞ծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսը Հայաստանի հետ գտնվում է նոր կազմակերպության մեջ, որի նպատակն անվտանգության ապահովումն է, քաղաքագետն արձագանքեց. «Իրավական տեսանկյունից միգուցե դեսպանը ճիշտ է, բայց իրենց գործողությունները չեն համապատասխանում ՀԱՊԿ ոգուն և էությանը, քանի որ այդ կազմակերպությունն անվտանգության, ռազմաքաղաքական մի դաշինք է, որի անդամ երկրները պետք է միմյանց պաշտպանեն, նաև միմյանց դեմ լուրջ գործողություններ չկատարեն: Այո, զենքի մասով չկա որևէ բան նշված ՀԱՊԿ պայմանագրում, դեսպանն էլ դրա վրա է հիմնվում՝ ասելով, որ կանոնադրության որևէ կետ չի խախտվել»:

Այս առիթով Արմեն Վարդանյանը հիշեցրեց՝ ՀԱՊԿ-ը, օրինակ, շատ հաճախ են համեմատում ՆԱՏՕ-ի հետ, ու նաև նշեց, թե դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարող է զենք վաճառեն այդ կառույցի անդամ երկրներից մեկի հետ թշնամական հարաբերություններ ունեցող որևէ երկրի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031