Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին խոսեց անցումային արդարադատության մասին, ինչը այս օրերին իրավաբանական եւ քաղաքագիտական հանրության կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց: Եղավ մեկնաբանություն, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է դատական եւ օրենսդիր մարմինը վերցնելու մասին:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց. «Ովքեր փորձ են անում անցումային արդարադատության վերաբերյալ վարչապետի հայտարարությանը տալ նման գնահատական, կա՛մ բացարձակապես տեղյակ չեն անցումային արդարադատության բովանդակությանը, կամ տեղյակ են եւ կանխամտածված, գիտակցված խեղաթյուրում են, կամ ակնհայտորեն ունեն հետեւյալ քաղաքական դիրքորոշումը, որ հիմնովին փորձում են բացառել մինչ թավշյա հեղափոխությունը ՀՀ-ում կառավարման ավտորիտար բնույթը»:
Ըստ Սաքունցի, անցումային արդարադատությունը գալիս է ապահովելու կառավարման ավտորիտար համակարգին, որի գնահատականը մարտին տվել է նաեւ Freedom House-ը. «Մենք ժամանակին անընդհատ ասել ենք, որ ՀՀ-ում առկա է անպատժելիության համակարգ, ընտրովի արդարադատություն, քաղաքական հետապնդումներ, քաղաքական բանտարկյալներ, կեղծվել են ԱԺ-ի եւ նախագահի ընտրությունների արդյունքները, մարդու իրավունքների խախտումներն ունեցել են շարունակական բնույթ եւ շատ այլ իրավունքներ են խախտվել՝ հավաքների ազատության, սեփականության, աշխատանքի եւ այլն: Այդ բոլոր խախտումների համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրել: Ընտրողական արդարադատության բուն էությունը կայանում էր նրանում, որ օրենքը կիրառվում էր ողջ խստությամբ շարքային այլախոհների եւ քաղաքացիների նկատմամբ եւ բացարձակապես չէր կիրառվում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կամ նրանց կից անձանց նկատմամբ: Անցումային արդարադատության բուն նպատակն է, որ ապահովվի բոլոր այս քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը, տրվի իրավական գնահատական, մարդիկ ստանան փոխհատուցումներ, պետությունը պետք է ճանաչի, որ վատ կառավարման հետեւանքով իր քաղաքացիների իրավունքները խախտված են: Սա ունի ոչ միայն իրավական նշանակություն, այլեւ զուտ քաղաքական, թե ինչպիսին չպետք է լինի կառավարումը ՀՀ-ում: Շատ մարդիկ իրենց խախտված իրավունքների հարցով չեն դիմել պետական մարմիններ՝ չունենալով որեւէ վստահություն, ակնկալիք, շատ դեպքերում խուսափել են նույնիսկ բաձրաձայնել, որովհետեւ վստահ չեն եղել, որ իրենց ֆիզիկական անվտանգությունը նույնիսկ կարող է պահպանվել: Այս մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց խախտված իրավունքները վերականգնել: Խոսքը վերաբերում է արդարության վերականգմանը՝ արդարադատության միջոցով: Սա չի նշանակում, որ նոր դատարան է ձեւավորվելու, ո՛չ, իրավական մեխանիզմներն են ձեւավորվելու՝ նախկինում վատ կառավարման ժամանակ խախտված իրավունքների հարցով: Վարչապետը խոսում է շատ պարզ խնդրի մասին, ինքը տերմինն է օգտագործում, բովանդակային հիմքը մասնագիտական լուծման խնդիր է, որի վերաբերյալ բազմաթիվ բացատրություններ տրվեցին: Այն կիրառվել է շատ երկրներում, դա արդարադատության նկատմամբ վստահության վերականգնումն է: Դա նույն է, որ ասեն ՝ գիտեք, ցեղասպանությունը եղել է 1915-ին, արդեն մահացել, գնացել են, ունեցածը կորցրել են, անցել, գնացել է, էլ ինչի՞ եք պահանջում, եկեք այնպես անենք, որ Թուրքիայում կամ այլ երկրում նոր ցեղասպանություններ չլինեն: Չի կարելի ընտրողական մոտեցում ցույց տալ անցումային արդարադատության հայեցակարգին: Բոլոր նրանք, ովքեր փորձում են խեղաթյուրել կամ դեմ հանդես գալ, կամ շարունակել չհասկանալ անցումային արդարադատության բովանդակությունը, նրանք բոլորը ուզում են կամ փորձում են դրանով հերքել առնվազն 30 տարվա ընթացքում այն անհերքելի փաստերը, որ ընտրությունների արդյունքները կեղծված են եղել, որ քաղբանտարկյալներ ենք ունեցել, որ մարդիկ զրկվել են իրենց ունեցվածքից՝ իրենց քաղաքական հայացքների համար: Դա նշանակում է սրբագրել դեռեւս թանաքը չչորացած պատմությունը, ավելին՝ փորձում են հերքել այս թավշյա հեղափոխության բուն պատճառները, որոնց հետեւանքով տեղի ունեցավ հեղափոխությունը: Եթե լիներ իրավական, սոցիալական, քաղաքական արդարություն, վստահեցնում եմ, ոչ մի հեղափոխություն չէր կարող լինել, բայց հենց արդարության բացակայությունն էր, որ հանգեցրեց հեղափոխության: Դա նշանակում է, որ արդարության բացակայությունից տուժածները պետք է հնարավորություն ունենան իրենց խախտված իրավունքների հարցերով դիմելու, որի համար պետք է մշակվեն ընթացակարգեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ