Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա՝ Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոցի բակում. երեխաները «դրսում» են մնացել

Օգոստոս 20,2018 15:08

Էջմիածնի Խաչատուրի Աբովյանի թիվ 4 միջնակարգ դպրոցի բակում մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք ԿԳ նախարարությունից պահանջում են թույլտվություն տալ դպրոցին, որ բացվի ևս 2 առաջին դասարան, որովհետև իրենց երեխաները «դրսում» են մնացել։ Ծնողներից մեկի խոսքով` իր մի երեխան այդ դպրոցում է սովորում, և ինքը չի պատրաստվում մյուսին տանել որևէ այլ դպրոց։ Մի քանիսն էլ դպրոցին մոտ գտնվող փողոցների բնակիչներ են և դժգոհում են` իրենք չեն կարող ամեն առավոտ իրենց երեխաներին տանել-հասցնել քաղաքի մյուս ծայրը։

Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանի խոսքով` ճիշտ է` նախարարի կողմից հաստատված սահմանային թիվն արդեն իսկ հատվել է. «Իհարկե, ավելի արդյունավետ կլիներ, եթե դպրոցը սկսեր աշխատել մեկ հերթով, սակայն դպրոցն ունի 2 ազատ դասարան և լիցենզավորում ունենալու դեպքում պատրաստ է ընդունել երեխաների։ Ծնողների պահանջը լիովին արդարացի է»:

Արուսյակ Մուրադյանը նաև տեղեկացրեց՝ ամեն տարի  ունեցել են 5 առաջին դասարան. «Անցած տարի վարչապետի հրամանով դպրոցներից պետք է հանվեր 2-րդ հերթը։ Եվ, բնականաբար, շատ  աշակերտներ ընդունելու հնարավորություն չունեինք։ Դրա համար էլ բախվել ենք այս խնդրին»,-ասաց տիկին Մուրադյանը։

Տնօրենի խոսքով` ինքն անձամբ հանդիպել է ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանի հետ և ներկայացրել խնդիրը։ Հայտ է ներկայացրել նաև ԿԳ նախարարության լիցենզավորման բաժին աշակերտների սահմանային թվի փոփոխության հարցով։ Սակայն հայտը մերժվել է այն պատճառով, որ կադաստրի կողմից ներկայացված սեփականության վկայականում եղել են որոշ անճշտություններ։ Իսկ առանց այդ վկայականի ԿԳն-ն չի կարող լիազորագիր տալ։ Խնդիրը լուծելու համար տնօրենն արդեն իսկ դիմել է կադաստրային բաժին և սպասում է պատասխանի։ Ծնողները բոլոր մանրամասներից լիարժեքորեն տեղյակ են և պահանջում են հարցի արագ լուծում։ Ծնողները վրդովված ասացին՝ էլ տեղ չմնաց, որ դիմեն, այնուհետև հայտարարեցին. «Ո՞վ պիտի պատասխան տա, եթե սեպտեմբերի 1-ին մեր երեխաները դրսում մնան»:

Տեղեկացնենք՝ ծնողներին հաջողվել է հանդիպել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Վերջինս վստահեցրել է, որ 3 օրվա ընթացքում կփորձի լուծել խնդիրը։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031