Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու շուրջ 30 ուխտավորների` առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի։
Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտության խոսքերն ուղղեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ ուխտավորների մեծ մասը առաջին անգամ է Հայաստանում։ Տեր Աբրահամը Հովվապետին ներկայացրեց նաև համայնքի կյանքը, անդրադարձավ ամենօրյա, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների գործունեությանը, որոնց շնորհիվ հայորդիները հաղորդ են դառնում մայրենի լեզվին ու հայ մշակույթին։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը բաշխեց հավատացյալ ուխտավորներին` կարևորելով նրանց այցը Հայրենիք: Նորին Սրբությունը խոսեց յուրաքանչյուր հայորդու կյանքում Սուրբ Էջմիածնի դերի և կարևորության մասին, ապա անդրադարձավ ազգի առաջ ծառացած մարտահրավերներին, որոնց հայ ազգը դիմագրավում է իր հոգևոր ներուժի և հավատքի միջոցով։
Վեհափառ Հայրապետը բերկրանքով արձանագրեց, որ իր ԱՄՆ այցելությունների ընթացքում մշտապես նկատել է հայ համայնքի հոգևոր ծաղկուն վիճակը՝ դրանում մեծ նկատելով նախկին և ներկա հոգևոր հովիվների վաստակը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը բերեց Աբրահամ քահանային նվիրյալ և արդյունաշատ ծառայության համար: Նորին Սրբությունը նաև կարևորեց այն հետևողականությունը, որով հայերը հետագա սերունդներին են փոխանցում հայոց լեզուն և բազմադարյա հայ մշակույթը` հորդորելով նույն նախանձախնդրությամբ և ջերմեռանդությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունը։
Հանդիպման վերջում հավատացյալները իրենց հարցերն ուղղեցին Վեհափառ Հայրապետին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ներհայաստանյան զարգացումներին։ Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին ներկայացրեց իր դիտարկումները, ապա լուսավոր Հայաստանի կերտման գործում կարևորեց ՀՀ իշխանությունների, Եկեղեցու և ժողովրդի միասնական ջանքերն ու հանձնառության ոգին:
Հանդիպման վերջում Աբրահամ քահանան Վեհափառ Հայրապետին փոխանցեց Կարապետյան ընտանիքի նվերը Սուրբ Էջմիածնին՝ Մխիթար վարդապետ Սեբաստացու աշխատասիրությամբ 1733 թվականին տպագրված Աստվածաշունչը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի