Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը պահպանել է արտակարգ դրություն հաստատելու ընթացակարգը, բայց որոշում է կայացրել ԶՈՒ օգտագործման մասին». փաստաբան

Օգոստոս 20,2018 14:47

«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է: Վերաքննիչ քրեական դատարանի՝ նրան կալանքից ազատելու դատական ակտը վիճահարույց է: Ակնկալիք կա, որ Վճռաբեկ դատարանն առաջիկայում այդ հարցի շուրջ կհրապարակի կասկած չհարուցող դատական ակտ»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նա մեկնաբանեց Քոչարյանի պաշտպանների  պնդումը, թե պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է եւ չի կարող քրեական հետապնդման ենթարկվել՝ իր լիազորությունների շրջանակում կատարած գործողությունների համար:

«Քոչարյանի փաստաբանների պաշտպանական մարտավարությունը կառուցված է այն դրույթի վրա,  որ նա ունի բացարձակ անձեռնմխելիություն: Նման բան չի կարող գոյություն ունենալ: Սահմանադրության այդ հոդվածը չի կարելի տարանջատել մյուս հոդվածներից եւ դրա շուրջ միայն կառուցել պաշտպանական մարտավարությունը: Այդ Սահմանադրության 5-րդ հոդվածն, օրինակ, սահմանում է, որ պետական եւ ՏԻՄ մարմինները, այդ թվում՝ նախագահը, կարող են իրականացնել միայն Սահմանադրությամբ իրենց  ամրագրված իրավունքները: Հետեւաբար, Քոչարյանը  կարող էր անել միայն այն, ինչ նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ: Սահմանադրությամբ ասվում է նաեւ, որ բոլորը հավասար են օրենքի առաջ»,-պարզաբանեց Նորայր Նորիկյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Սահմանադրությամբ՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ ապահովում են ՀՀ անվտանգությունը. «Սահմանադրությամբ միայն մեկ բացառություն է սահմանված նախագահի համար՝ ԶՈՒ-ի օգտագործման մասին որոշում կայացնելիս: Այդ որոշումը կարող էր կայացվել միայն այն դեպքում, եթե դրան նախորդած լիներ ռազմական դրության մասին հրամանագրի ստորագրումը: Իսկ նման բան նրա կողմից չի հայտարարվել, այլ հայտարարվել է արտակարգ դրություն: Քոչարյանը պահպանել է արտակարգ դրություն հաստատելու մասին իրավական ընթացակարգը, բայց այդ հրամանագրում որոշում է կայացրել զինված ուժերի օգտագործման մասին, որի իրավունքը նա չուներ: Հետեւաբար, ԶՈՒ օգտագործման մասին որեւէ որոշում, այդ թվում՝ 0038 հրամանը, եթե դրան չի հաջորդել ռազմական դրության մասին հրամանագիր, չի բխում նախագահի սահմանադրական կարգավիճակից: Այսինքն, սահմանադրությունը նրան նման իրավասություն չի տվել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2105690616129693/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031