«Դատավորներից շատերն իսկապես պետք է խելքները գլուխները հավաքեն. ոմանք մեկ օր ավելի չպետք է գտնվեն դատարանում եւ արդարադատության գործառույթ իրականացնեն: Բայց հորդորում եմ՝ անգամ եթե այս կամ այն իրավիճակը դեմ է քաղաքական շահերին, կյանքի գնով պետք է պահպանել դատական համակարգի անկախությունը»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված «խելքներդ գլուխներդ հավաքեք» կոչին, ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով՝ նման կոշտ տոնայնությամբ հանդես գալն այլ գնահատականների տեղիք կտա. «Միաժամանակ՝ վստահ եմ, որ նոր իշխանությունը ձեռնամուխ լինի դատական համակարգում արմատական փոփոխությունների»:
Ինչ վերաբերում է գնահատականներին, թե վարչապետի կոչը գուցե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Ալեքսանդր Ազարյանին է վերաբերում, փաստաբանը վստահեցրեց. «Ազարյանը բացառիկ, լավագույն դատավորներից մեկն է, շատ կուզեի,որ նրա նման դատավորներ շատ լինեին, բայց միաժամանակ՝ համաձայն չեմ նրա կայացրած դատական ակտի հետ: Պարոն Ազարյան, ինքդ գիտեիր, որ դա շահարկվելու է: Խոսակցություններ կային, որ Քոչարյանի աշխատակազմում եք աշխատել, իսկ դա ինքնաբացարկի հիմք էր: Հասկանալի է, որ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ չհայտնեցին, բայց դատախազություն, ո՞ւր էիր, որ ինքնաբացարկ չհայտնեցիր»:
Մեկնաբանելով վարչապետի՝ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մտադրությունը, բանախոսը նշեց՝ ՀՀ-ում այդ գործիքակազմը կյանքի կոչելու համար մի շարք հարցերի պետք է պատասխանել՝ արդյո՞ք ՀՀ-ն անցումային փուլում է եւ ի՞նչ փուլ է դա, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը բավարար չէ՝ երկրում օրինականության հաստատման համար, ի՞նչ գործառույթներով են օժտված լինելու անցումային արդարադատության մարմինները եւ ինչպե՞ս են դրանք ֆինանսավորվելու: «Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը բավարար է՝ երկրում օրինականության վերականգնման եւ հաստատման համար»,-համոզմունք հայտնեց Նորայր Նորիկյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2105690616129693/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ