Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառում եմ, որ Փաշինյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն այլ անձի ընտրի վարչապետ». փաստաբան (տեսանյութ)

Օգոստոս 20,2018 14:03

Փաստաբան Նորայր Նորիկյանի համար մտահոգիչ է այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել՝ նպատակ ունենալով բացառել ԱԺ-ում մեծամասնոււթյուն ունեցող ՀՀԿ-ի կողմից այլ վարչապետ ընտրելու հնարավորությունը (ըստ գործող օրենքի՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո ԱԺն երկու անգամ պետք է չընտրի վարչապետ, որպեսզի կայանան արտահերթ ընտրություններ): «Փաստորեն, նա առաջարկում է բացառել վարչապետի հրաժարականի նախապայմանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Ըստ Սահմանադրության՝ համապատասխան հոդվածում փոփոխություններ իրականացնելու իրավասությունը վերապահված է  ԱԺ-ին՝ ձայների 2/3-ով: Նման փոփոխություններ կարող են իրականացվել միայն մի դեպքում, եթե ՀՀԿ-ն համաձայնություն տա, այլ տարբերակ գոյություն չունի: Կարծում եմ՝ ՀՀԿ-ին այս կերպ առաջարկվում է գործել երկրորդ քաղաքական «ինքնասպանությունը»: Այս կերպն ԱԺ-ին ստիպում են որոշում կայացնել՝ սահմանադրական փոփոխությունների անելու համար եւ երկրորդ՝ ինքնալուծարման կոճակը սեղմել: Չէի ուզի այս սցենարով գնալ, մտահոգիչ է, առանց դրա էլ քաղաքական ուժերը կարող են ողջամիտ որոշման գնալ: Երբ ԱԺ-ին ստիպում ես ինքնալուծարման մասին որոշում կայացնել, կարող են լինել անհատ պատգամավորներ, որոնք դա որպես վարչապետի կողմից անձնական ստորացում կընկալեն»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նորայր Նորիկյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2105690616129693/

Փաստաբանի համոզմամբ, ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ԱԺ արտահերթ ընտրությունների գնալը. «Այո, Սահմանադրությունն արմատապես պետք է փոփոխվի, բայց դա պետք է անել ընտրություններից հետո, որովհետեւ այս Սահմանադրությունը  մեր կյանք է մտել Սերժ Սարգսյանի պատվերով»: Անդրադառնալով կարծիքներին, թե Նիկոլ Փաշինյանը մտահոգվում է, որ ՀՀԿ-ն այլ վարչապետի կընտրի, դրա համար է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնում, որ ընտրություններ կայանան՝ առանց իր՝ վարչապետի հրաժարականի, Նորայր Նորիկյանը նկատեց. «Եթե նրա մի կանչով 100 հազար մարդ է հավաքվում, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ՀՀԿ-ն նրա հրաժարականից հետո այլ անձի վարչապետ ընտրի: 100 հազար մարդիկ «կսրբեն-կտանեն» այդ մարդուն: Կարծում եմ՝ ԱԺ-ն իրավունքի ուժով պետք է արձակվի, ապա ձեւավորվի նոր ԱԺ, ինչից հետո ՀՀ իշխանությունը պետք է նախաձեռնի Սահմանադրական փոփոխություններ»:

Փաստաբանի համար մտահոգիչ է նաեւ, որ շատերի համար վարչապետի քայլը կարող է դիտարկվել որպես իր «հագով սահմանադրություն կարելու» մտադրություն. «Ամեն դեպքում, բացառում եմ, որ ՀՀԿ-ն կորցնի քաղաքական ողջամտությունը եւ վարչապետի հրաժարականից հետո այլ անձի ընտրի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031