ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքը, թե սառնարաններում իրավիճակ կփոխվի:
Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետը հորդորեց առաջնորդվել քանակական ցուցանիշներով և, հղում կատարելով ԱՎԾ վիճակագրությանն, արձանագրեց. «Եթե առաջնորդվում ենք քանակական ցուցանիշներով՝ 2018-ի հունիսին 9.6 տոկոսով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է գրանցվել: Ինքս բացել եմ ԱՎԾ-ն 2011-ից ի վեր, երբ տնտեսկաան ակտիվության ցուցանիշին անցում կատարեցինք, չի եղել նման հունիս ամիս, որ նման ցուցանիշ գրանցվի: Երբ նայում ենք հունվարից հունիս, 8.9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է, որը ևս աննախադեպ է: Սա քանակականն է, մնացած բաղադրիչներով կարևոր է նաև որակական աճը, որի համար պետք է լինեն նաև ավելի երկարաժամկետ ռազմավարություններ, որոնք էլ ներկայումս ուրվագծվում են»:
Արտակ Մանուկյանին հիշեցրինք Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ կառավարությանն ուղղված այն քննադատությունը, թե տնտեսական քաղաքականություն չի իրականացվում, որևէ փաստաթուղթ չի հանդիպել, որից կարող է եզրակացնել, թե ինչ է ուզում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում:
ՀՀ վարչապետի խորհրդականն այս առիթով շեշտեց՝ ընդհանուր ռազմավարական դիրքորոշում կա, այնուհետև առանձին-առանձին անդրադարձավ կարևորագույն ուղղություններին: Արտակ Մանուկյանը հայտնեց՝ թիվ մեկ ուղղությունը ինստիտուտների կատարելագործումն է, որի մի բնագավառը պետական հատվածում արդյունավետության բարձրացումն է. «Պետական համակարգում բավական մեծ ծանրաբեռնվածություն կա, և դրանք հարկատուների գումարներն են: Առաջին ուղղությունը, որով տնտեսական քաղաքականությունը փորձում է իրականացվել, դա այն է, որ հարկատուն նույն գումարի շրջանակներում ստանա ավելի որակյալ պետական կամ հանրային ծառայություններ: Հաջորդ գործոնը մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծախսերն են, որոնց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ հնարավոր է դառնում ավելի երկարաժամկետ և որակյալ դրաձնել տնտեսական զարգացումը»:
Արտակ Մանուկյանը տեղեկացրեց՝ այս ամենի արտացոլանքը կֆիլտրվի` հանրությանը ներկայացնելու հիմնական ուղղությունները, բարեփոխումների տեսլականը, և հնարավորություն կա, որպեսզի որոշ բաներ շտկվեն:
Մեր այն դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանին թեև շատ են քննադատողները, սակայն կան նաև նրա դիտարկումներին հավատացողներ, ոմանք պնդում են, թե թե միայն նրա նախագահության օրոք է երկրում գումար շրջանառվել, Արտակ Մանուկյանն արձագանքեց. «Ինչո՞ւ ասացի, եթե քանակական ցուցանիշներով խոսենք և թվեր բերեցի, որոնք աննախադեպ են: Եթե խոսում ենք հատկապես Քոչարյանի կառավարման տարիների էլի քանակական աճերի մասին, պիտի նշել, որ դրանք հեռու էին որակական կամ տնտեսական զարգացում ապահովելուց, և դա էր պատճառը, որ երբ եղավ համաշխարհային շուկայում տնտեսական ճգնաժամային իրավիճակ, Հայաստանի տնտեսությունը դիմադրողականություն չուներ, և դրա համար ՀՀ-ն երեք ամենամեծ վնաս կրած տնտեսություններից էր: Այսինքն՝ այո, շինարարության միջոցով փուչիկը մեծացել էր, բայց դրանով ոչ թե տեղի էր ունեցել տնտեսական զարգացում, այլ ուղղակի այդ խնդիրների ողջ աստղաբույլն էր նաև վիճակագրական մանիպուլյացիաների հետևանքով տեղափոխվել հաջորդ սերունդներ: Եվ տեսաք, որ երբ թեթև ճգնաժամ կամ ֆինանսատնտեսական ճգնաժամ տեղի ունեցավ աշխարհում, Հայաստանը լինելով փոքր տնտեսություն ունեցող երկիր, ամենախոշոր վնասը կրած տնտեսությունը դարձավ: Այսինքն՝ տնտեսությունը չուներ դիմադրողականություն»:
Հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ կարելի՞ է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանի խորհուրդների կարիքը կառավարությունը չունի, մինչդեռ նա պնդում էր, որ եթե նոր կառավարությունը խելք ունենար, կօգտագործեր իր փորձն ու գիտելիքները, Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ այս կառավարությունը հանրային վստահություն վայելող կառավարություն է, պատրաստ է լսել կամայական հստակ տեսլական ունեցող ծրագիր կամ խորհուրդ, ուստի եթե Ռոբերտ Քոչարյանն ունի տնտեսական զարգացման իր քայլերի առաջնահերթությունը, շատ հաճելի կլիներ դրա հետ ծանոթանալ»:
Հստակեցմանը՝ պատրա՞ստ է ՀՀ կառավարության ղեկավարը, կամ Դուք` որպես խորհրդական, ընդունել Ռոբերտ Քոչարյանին և ծանոթանալ նրա ծրագրին, Արտակ Մանուկյանն այսպես արձագանքեց. «Տեսնում եք, որ մարդիկ բաց նամակներ են հղում, որոնցով գործողությունների պլան ու տեսլական են առաջարկում, և կառավարությունը միշտ բաց է կամայական քաղաքացու համար: Եթե կան նման տեսլականներ, ցանկալի կլինի, որ նույն մամուլի ասուլիսների և մնացած միջոցառումների միջոցով այդ տեսլականը ներկայացնեն հանրությանը և ի թիվս այլոց նաև կառավարությանը»:
Հարցին՝ ի թիվս այլոց դա կարող է անել նաև Ռոբերտ Քոչարյա՞նը, Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Նա ՀՀ քաղաքացի չէ՞, առավել ևս, որ նա բավականին բարձր պաշտոն է զբաղեցրել և միգուցե այդ ժամանակի խնդիրներին շատ ավելի մեծ տեղակացվածություն ունի, քան շարքային քաղաքացիները»:
Արտակ Մանուկյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե չլինեին այս կոռուպցիոն բացահայտումները և մենաշնորհի դեմ պայքարը, երբեք չէր լինի դեպք, երբ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները էականորեն զսպեին իրենց ախորժակը: Այնուհետև տնտեսագետը հավելեց. «Իսկ դուք հիմա շուկայում նկատո՞ւմ եք դեպքեր, երբ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները շատ արագ արձագանքում են այսպես ասած համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, և կան դեպքեր, երբ նրանք նվազեցնում են գները: Դա արտառոց է և խոսում է այն մասին, որ երկրում ձևավորվել է արդար մրցակցության կոնցեպտ»:
Արտակ Մանուկյանն օրինակ բերեց նաև այն, որ բուն ՌԴ-ում բենզինի գներն աճել են, բայց Հայաստանում այդ աճի ախորժակի մասով կա էական նվազեցում, քան կլիներ, եթե չլիներ ներկայիս կառավարության դիրքորոշումը և ազատ մրցակցության ուղղությամբ տարվող ջանքերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ակնհայտա, որ էտ աճը նախորդ կառավարության շնորքնա: Աճը հիմնականում գրանցվումա գյուղատնտեսության ու 3առայությունների ոլորտում:
Հո չեք ասելու թե Ձեր օրոք 2ամսում 1000ավոր հեկտարներ ծիրանի այգիներ հիմնադրվեց ու որ էս տարի բարենպաստ բերքառատ տարիեր էտել լրիվ Նիկոլի շնորքներ:
Քոչարյանի օրոք բյուջեն 8անգամ աճելա: 250միլիոնից 2միլիարդ: Ուզում եք ասել տարեկան 1,7միլիարդ դոլլարի հարկերի ավելացումը շինարարության հաշվինա եղել՞
Ի դեպ մրգերի արտահամնան աճի մասին որ տենց հպարտ զեկուցում եք, էտ ծիրանի այգիները քոչարյանի իշխանության ժամանակ են հիմնվել:
Ծիրանի այգին 10-12տարումա դառնումա լիարժեք բերքատու:
Նենց որ նախորդներին փնովելու փոխարեն գործ արեք տեսնենք:
Թե չէ ոնց բոլորդ լավ ճառ ասող եք զանգ կախելու մասնագետ մեջներդ չկա: