Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորաբաց կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին

Օգոստոս 20,2018 11:28

Օգոստոսի 17-ին Դիլիջանում բացվել է Տավուշի մարզում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։

Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի Ազգային պարկի հետ։

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է բարձրացնել Դիլիջան Ազգային պարկի և հարակից բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը և դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված միջոցառումների համակարգման գլխավոր հարթակ:

«Եվրոպական միությունն աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերի միջև հավասար սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար՝ նոր աշխատատեղերի ստեղծման և մարզերի տնտեսական մրցակցության խթանման միջոցով։ Դիլիջանում Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի, Արհեստների ու արվեստների կենտրոնի հիմնումը Եվրամիության նախաձեռնության և IDeA հիմնադրամի հետ գործընկերության տեսանելի արդյունքներից են», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։

Զբոսաշրջիկները կենտրոնում կարող են տեղեկատվություն ստանալ տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին, վարձակալել հեծանիվներ, վրաններ և արշավի համար նախատեսված այլ պարագաներ, գնել հուշանվերներ, որոնք պատրաստում են տեղի արհեստավարժ վարպետները։

Դիլիջան՝ Մաքսիմ Գորկու փողոց 15/2 հասցեում կառուցված կենտրոնի հարևանությամբ վերաբացվել է նաև Դիլիջանի քաղաքային զբոսայգին, որի բարեկարգումն իրականացվել է IDeA հիմնադրամի ծրագրով։ Բարեկարգվել են այգու ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել է այգու լուսավորությունը։

«IDeA հիմնադրամը շարունակական և մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում, որոնց նպատակն է այս տարածաշրջանը դարձնել մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն։ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնումը, ինչպես նաև

քաղաքային զբոսայգու բարեկարգումն ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան Դավոս, ուր աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը կարևորել է ծրագրի արդյունքները համայնքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և բնակիչների զբաղվածության ապահովման տեսանկյունից։

«Կենտրոնի բացումը և զբոսայգու բարեկարգումը սպասված իրադարձություն է մեր քաղաքի բնակիչների համար։ Ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցելուց բացի նորակառույց Զբոսաշրջային կենտրոնը մշտական աշխատանքով է ապահովելու Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչներին, իսկ բարեկարգված զբոսայգին կդառնա մեր համաքաղաքացիների հանգստի սիրելի վայրը»,- նշել է Դիլիջան համայնքի ղեկավարը։

Դիլիջանի Զբոսաշրջային կենտրոնում աշխատանքի տեղավորված 6 բնակիչները ծրագրի ուղղակի շահառուներ են:

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031