Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանն է կանչում…«Նիդերլանդական օրագիր»

Օգոստոս 19,2018 23:32

Բարձրագույն կրթություն ստացած Իշխանի պես մտածող նվիրյալ երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն օգնել հայրենիքին, շատ են:

Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե որքան շնորհալի են մեր եվրոպաբնակ երիտասարդները, ներկայացնենք Իշխանի օրինակով:

Իշխան Թովմասյանը 25 տարեկան է, բնակվում է Փարիզում: Քոլեջը գերազանց ավարտելուց հետո, ընդունվել է ֆրանսիայում և Եվրոպայում հայտնի բարձրագույն հաստատություններից մեկը՝ Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտը (Sciences Po): Բակալավրն ավարտել է «Հասարակական գիտություններ եւ Քաղաքագիտություն», իսկ մագիստրատուրան՝ «Մարդկային ռեսուրսների կազմակերպում եւ կառավարում» մասնագիտությունները:

Ընթացքում, փոխանակման կարգով սովորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների (МГИМО) ինստիտուտում:

Ուսման ավարտից անմիջապես հետո աշխատանքի է նշանակվել հանրահռչակ «Հերմես» ընկերության գլխամասային գրասենյակում՝ կադրերի ընտրության ու նրանց հետ տարվող աշխատանքների բաժնում:

Նորաձևության այս ընկերության աշխատողների քանակը գերազանցում է 13.000-ը:

Իշխանին ավելի հոգեհարազատ է միջազգային բիզնեսը, հետո նոր քաղաքականությունն ու դիվանագիտությունը: Տիրապետում է 5 լեզուների՝ հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն:

Սփյուռքի բազմաթիվ երիտասարդներ իրենց մեջ ունենալով հայկական ոգին, ուժն ու կորովը՝  միևնույն ժամանակ ինտեգրվելով իրենց երկրների հասարակական քաղաքական կյանքին՝  ձեռք են բերել բարձրագույն ուսումնական կրթություն ու հիմնարար գիտելիքներ: Այսօր նրանք մեծ կամք են դրսևորում՝ կանգնել մեր նորացվող ու անկախ երկրի կողքին: Ավելին,  շատերը պատրաստ են ուղիղ կերպով իրենց գիտելիքներն ամբողջովին ներդնել Մայր Հայրենիքին՝ մեկնել այնտեղ ու իրենց նպաստը բերել: Նրանցից մեկը՝ ֆրանսիայում բնակվող, բայց սրտով ու ոգով իրեն հայ համարող Իշխան Թովմասյանն է, որին արդեն «Նիդերլանդական օրագիրը» առիթ ունեցել է անդրադառնալու:

Իհարկե, խրախուսելի է և անհրաժեշտ է, որ «Լույս» կրթական հիմնադրամի միջոցներով  սովորող Հայաստանի քաղաքացիներն արտասահմանում ուսանելուց հետո իրենց   գիտելիքներն օգտագործեն Մայր Հայրենիքի բարօրությանը, բայց և պակաս կարևոր չէ,   անմիջապե´ս  արձագանքել ու ընդառաջ գնալ այն երիտասարդներին, որոնք իրենց կամքով ու ցանկությամբ մասնակիցն են ուզում լինել իրենց երկրի կառուցման: Վերջերս   նմանատիպ ցանկություն հայտնեցին նաև Նիդերլանդներում աշխատող հայազգի     բժիշկները: Այս գործին ամբողջ թափով պետք է լծվի ու ընթացք տա սփյուռքի     նախարարությունը, որպեսզի օպերատիվ աշխատանքով  ուղեցույց, փարոս լինի երիտասարդության ձգտումներին:

Նման կերպ մտածող երիտասարդների ներուժն օգտագործելը անտարակույս արագ առաջընթաց ապահովելու գրավական է  մեր երկրի համար: Սփյուռքի նախարարությունը «ներՈւԺ» անվամբ  ծրագիր ունի, բայց սա այլ հարթության վրա է ու նրանց համար է, ովքեր զրոյից բիզնես ծրագիր են սկսելու: Միանգամից ասենք, որ Եվրոպայում երիտասարդների համար բիզնես սկսելը ամենադժվար գործն է: Եվրոպայում երիտասարդները կարող են աշխատել իրենց վրա, ինքնակրթվել ու բարձրագույն կրթություն ստանալ, սակայն բիզնես  սկսելու գլխավոր նախապայմանը գումար և հմտություն ունենալն է: Իհարկե, բիզնես սկսող երիտասարդների համար հայաստանյան  ծրագիրը գրավիչ է և այս ասպարեզում կարող են իրենց ուժերը փորձել:

Մեր կարծիքով, պակաս կարևոր չէ, որ Հայաստանում առավել մեծ ուշադրություն դարձվի Իշխանի պես մտածող ու Եվրոպայի առաջավոր բուհերում ուսում ու աշխատանք ստացած անձնազոհ ու հայրենասեր տասնյակ երիտասարդներին, ովքեր իրենց միջոցներով ու  համառությամբ արդեն լավ կրթություն ու մասնագիտություն են ստացել, ոմանք էլ, ինչպես ասենք Իշխանը, նույնիսկ աշխատում են ու  լավ մասնագետներ են:

Այս անգամ՝ մեր աչքին զարնեց, թե ինչպես նա՝ օգոստոսի 8-ին, շտապել էր  ներկա  գտնվել ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Պատահական չէր նրա հարցը՝  ինչպե՞ս մասնակցել հայրենիքի վերակառուցմանը, իր հետ տասնյակ երիտասարդներ կան, որ ուզում են գիտելիքներով օգտակար լինել մեր երկրին, առաջին տիկնոջից խնդրեց մատնացույց անել ծրագրեր, որոնց կիրառմամբ՝ բացառելով բարեգործական ուղղվածությունը, հնարավոր լինի  իրատեսորեն մասնակցել Հայաստանի քաղաքականության ու տնտեսության վերակազմավորմանը:

Աննա Հակոբյանը դրական համարեց երիտասարդ մասնագետների ցանկությունը, նշեց, որ այս ուղղվածության շատ ծրագրեր դեռևս սաղմնային վիճակում են: Նա մատնանշեց «Լույս» կրթական հիմնադրամի գործունեությունը, որով հնարավոր է  օտար  երկրների առաջավոր բուհերում սովորող Հայաստանի քաղաքացիներին խրախուսել Հայաստանին ծառայելու:

Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմը վերցնելուց հետո Իշխան Թովմասյանը ընտանիքի անդամների հետ ժպտադեմ  մի լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքյան էջում ու ֆրանսերենով մակագրել.

-Ես գեղեցիկ ժպտում եմ, բայց կարծում եմ՝ հեռու եմ  այն լիակատար երջանկության զգացողությունից, որ ինձանից ավելի շատ զգում են իմ ծնողները: 16 տարի առաջ՝ առանց ոչնչի նրանք հաստատվեցին Ֆրանսիայում, և այդ օրվանից ամեն ինչ դրեցին իրենց տեղը` ապահովելու իրենց երկու զավակների ֆրանսիական որակյալ կրթություն ստանալը: Այս դիպլոմը մի քիչ էլ նրանցն է…

Երբ կապվեցի Իշխանին՝ իմանալու նրա ծրագրերի  մասին, տպավորված էր  Հայաստանի այսօրվա փոփոխություններից՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա  Հակոբյանի հետ ունեցած հանդիպումից, խոսեց շատ կարճ.

-Արդեն որոշել եմ, մեկնելու եմ Հայաստան, այնտեղ անելու շատ-շատ գործ կա:

Այս կերպ ձգտող երիտասարդների մտահաղացումները պետք է նյութականացնել, թև ու թիկունք լինել նրանց ազնիվ մղումներին:

Իշխանի պես մտածողներն այսօր շատ են: Եվ լավ է, որ այդպես է:

Նոր  հավատ ու մտածողություն է ձևավորվում: Հույսի ծառը պտղաբերում է: Նոր Հայաստան ենք  կառուցում…

«Նիդերլանդական օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սրտաճմլիկ պատմութիւններ էք պատմում։ Յուզուեցի,, 😊

    Հայ-իսրայէլական յարաբերութիւնների վերաբերեալ լաւ գաղափարներ ունէի, որից բոլորս պիտի շահէինք։ Յուլիս ամսին Հայաստանում էի։ Ընդամենը 1 ժամանոց հանդիպում էի խնդրել Նախագահից, Կառավարութիւնից եւ իհարկէ ԱԳՆ-ից՝ հարցը քննարկելու համար։ Ի՞նչ էք կարծում հանդիպեցի՞, թէ՞ մերժեցին 😊

    Ի սէր Աստուծոյ։ Նոյնիսկ հարկ չհամարեցին նամակներիս պատասխանել /իսկ նամակներս վստահաբար տեղ էին հասել/։

    Յ.Գ. Չմոռանամ նշել, որ Իշխանից աւելի բարձր կրթութիւն ունեմ ու Իշխանից աւելի շատ լեզուներ գիտեմ (ներող եղէք անհամեստութեանս համար)։

    Յ.Գ. Էդ ամպագոռգոռ ճառերին, կոչերին ու յորդորներին մի քիչ քիչ հաւատացէք,, 😊

  2. Garo says:

    Երկրին օգուտ տալու համար հեչ պարտադիր չի որ վարչապետի կնոջ հետ, նախագահի ու չգիտեմ ում հետ հանդիպեք: Դուք մտածեք թե կոնկրետ ինչ ոլորտում կարաք օգուտ տաք եկեք տվեք:
    Ու հեչ պարտադիր չի, որ էտ օգնությունը լինի պետական համակարգում աշխատելով”
    Կարաք նայեք ինչ թափուր աշխատատեղեր կան ՍՎ-ի ուղարկեք:

    Ճիշտը խոսանք շատերին թվում թե որ եթե իրանք ասենք Ֆրանիայում կամ Գերմանիայում բուհ են ավարտե էտ ավտոմատ իրանց դարձնումա տոպ կլասսի մասնագետ ու մենք հայաստանցինրս պիտի ազգովի խնդրենք որ գան ու իրենց հզրոգաույն տաղանդը ներդնեն:

    Բայց դե ռեալ նայես շատ դեպքերում խոսքը գնումա ինչ որ մի օֆիսի HR բաժնի շարքային աշխատողի մասին, որին ինչ որ հանձնարություններ են տալիս պարտաճանաչ անումա:
    Ոչ մի լուրջ պնդիր լուծելու ունակ չի:

  3. Artur Lazarian says:

    Սկսենք նրանից, որ եւրոպական բուհ աւարտելը եթէ ոչ «տոպ կլասս» է, ապա շատ աւելի գերադասելի է ՀՀ ԲՈՒՀ աւարտելուց։ Հայաստանեան կրթութիւնը որակ չունի։ Հայաստանեան ոչ մի ԲՈՒՀ Արեւելեան Եւրոպայի եւ ԱՊՀ տարածքում լաւագոյն 200-ի մէջ էլ չկայ, իսկ աշխարհի մակարդակով՝ նոյնիսկ 1000-եակի։

    Յաջորդը.
    Ոչ ոք չի ասում՝ պաշտօն տուէք։ Այլ ասում ենք, երբ ձեզ նամակ-առաջարկութիւն ենք գրում, «լայաղ արէք» (բարեհաճէք) գոնէ պատասխանել։

    Ես առհասարակ խորհուրդ կը տայի, որ Հայաստանցիները ճկուն եւ ԱՐԱԳ մտածեն/կողմնորոշուեն։ Կեանքն առաջ է գնում անասելի արագ, իսկ Հայաստանում ժամանակը կարծես կանգնած լինի։ Ոչ ոք (թէկուզ՝ սփիւռքահայ) չի սպասելու ձեզ, թէ երբ էք թմբիրից դուրս գալու։ Հասցրէ՛ք նստել գնացքը։ 😊

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031