«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն օգոստոսի 18-ին Իջեւանի «Քանդակների այգում» կազմակերպել էր «Աշխատանքի տոնավաճառ»: Կայացան գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք: Տոնավաճառի մասնակից շուրջ 50 գործատու ներկայացրել էին թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ եւ սեփական արտադրանքը՝ մսամթերք, կաթնամթերք,չրեր,պահածոներ, հյութեր եւ այլ խմիչքներ, ձեռագործ աշխատանքներ:
Այդ միջոցառումը նպատակ ունի անմիջական կապ հաստատել գործատուների եւ մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների միջև, ինչպես նաեւ Հայաստանի եւ օտարերկրյա սպառողներին ներկայացնել տեղական արտադրության գյուղմթերք եւ այլ արտադրանք:
Տոնավաճառը եւ գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքը կազմակերպվեց «Տավուշի մարզի ինտեգրված եւ հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի գործողություններն ուղղված են Տավուշի մարզի տարբեր համայնքների առավել հավասարակշիռ սոցիալ -տնտեսական զարգացմանը եւ մարզում աղքատության կրճատմանը, բնակչության համար տնտեսական նոր հնարավորություններ,աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Այդ նախաձեռնությունն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, տեղի ֆերմերային տնտեսությունների, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության աճին, ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ ներդրումների եւ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ