Օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները:
Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել հայկական զինված ուժերի զարգացման ծրագրերին, խնդիրներին և ձեռքբերումներին: Դավիթ Տոնոյանը հավաստիացրել է, որ հայկական բանակը մարտունակ է, իր առջև դրված խնդիրները կատարում է գերազանց նաև շարունակական բարեփոխումների շնորհիվ, որոնք հետևողական կերպով իրականացվում են զինված ուժերում:
Հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև առաջնագծում տիրող իրավիճակը, խոսել միջազգային ռազմական համագործակցության առանցքային ուղղությունների մասին:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ, նկատելով, որ սփյուռքը մշտապես բանակի կողքին է, ընդգծել է այն հանգամանքը, որ ամառային զորակոչի ընթացքում բազմաթիվ երիտասարդներ վերադարձել են հայրենիք ու ծառայության անցել հայոց բանակում:
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները եղել են նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծանոթացել կրթօջախների պայմաններին:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն