Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ով է «Արարատ» հեռուստաընկերության նոր սեփականատերը. Սիվիլնեթ

Օգոստոս 18,2018 18:44

«Արարատ» հեռուստաընկերության բաժնետերերը օգոստոսի 9-ից փոխվել են։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո նրա կողմնակիցների՝ մեդիահարթակներում ազդեցություն ձեռք բերելու հարցը, խոսվում էր նաև հեռուստաընկերությունների ձեռքբերման մասին։ Այսպես, ՍիվիլՆեթը պարզել է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանը ձեռք է բերել «Արարատ» հեռուստաընկերությունը։

 

Արմեն Թավադյանը, ըստ համացանցում առկա տեղեկությունների, Ստեփանակերտից է, 1993-ին հիմնադրել ու մինչև 2005-ը ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ 1990-ականներին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին՝ Քարինտակի ինքնապաշտպանությանը, Մատաղիսի ու Աղբուլաղի ազատագրական մարտերին։ Ըստ նույն համացանցային աղբյուրների՝ Արմեն Թավադյանն ստեղծել է նաև Ռուսաստանի Պետդումայի քաղաքական ղեկավարության հետ տարվող աշխատանքների կոնտակտային խումբ։

«Արարատ» հեռուստաընկերության նոր բաժնետերը այլ բիզնեսներում ևս ներգրավված է։ Արմեն Թավադյանը 75 տոկոսանոց բաժնետեր է «Ալիս Ջուելրի» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը համարվում է «Արդշինբանկի» «Նուռ քարտ» կուտակային ծրագրի պատասխանատուն ու կազմակերպիչը։ «Նուռ քարտը» համարվում է «Ալիս Ջուելրի» ընկերության ապրանքանիշը։ «Ալիս Ջուելրի» ընկերությունը Հայաստանի հարկային համակարգում նշված է որպես գովազդային գործունեություն ծավալող ընկերություն։

«Ալիս Ջուելրի»-ի մյուս բաժնետերը՝ 19 տոկոս բաժնեմասով, «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն է, որը «Արդշինբանկի» խոշորագույն բաժնետերն է՝ 96 տոկոս բաժնեմասով։

«Ալիս Ջուելրի»-ի մյուս բաժնեմասը՝ 6 տոկոսը, պատկանում է օֆշորային Սեյշելյան կղզիներում գրանցված «Աջանթա Ասսեթս» կորպորացիային։ Այս ընկերության մասին ժամանակին գրել էր «Հետքը»։ «Հետքը» պարզել էր, որ «Արդշինբանկը» 9,1 միլիոն դոլարի վարկային միջոցներ էր տրամադրել «Գրիգ էլ մետ» ընկերությանը, որի բաժնետերերից է եղել Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դանիելյանը այն ժամանակ «Արդշինբանկի» խորհրդի անդամ էր, ու ստացվել էր, որ լինելով բանկի խորհրդի անդամ՝ վարկ էր տրամադրել իր ընկերությանը, որը հետագայում սնանկացել էր [կամ տարվել էր կանխամտածված սնանկության]. և տարածքն անցել էր «Արդշինբանկին»։ Ավելի ուշ «Գրիգ էլ մետ» ընկերության բաժնետեր էր դարձել օֆշորային «Աջանթա Ասսեթս» կորպորացիան։

«Արարատ» հեռուստաընկերության նոր բաժնետերը բաժնետոմսեր ունի նաև ռուսական ընկերություններում։ Ռուսական ընկերությունների մասին տեղեկատվություն տվող տարբեր կայքերում  նշվում է, որ Արմեն Թավադյանը 45 տոկոս մասնաբաժին ունի Մոսկվայում գործող «Նակոպիտելնիե Տեխնոլոգիի» (Накопительныe Технологии) ընկերությունում, որը զբաղվում է բիզնեսին օժանդակ ծառայություններ մատուցելով, ևս  67,5 տոկոս բաժնեմաս՝ «Նարոդնայա Կարտա» (Народная Карта) լուսանկարչական ընկերությունում։

Արմեն Թավադյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի քավորն է։

Մկրտիչ Կարապետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031