«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը հարցում է անցկացրել Երևանի և մարզերի 18-ից բարձր 1200 քաղաքացիների շրջանում, որպեսզի պարզի, թե ինչպիսին է վերաբերմունքը քաղաքացիների շրջանում խորհրդարանական կուսակցությունների և իրենց մեկ տարուց ավելի աշխատանքի նկատմամբ: Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդական հեղափոխություն, և հասարակության զգալի հատվածը ցուցաբերեց իր դժգոհությունը նախկին քաղաքական համակարգի նկատմամբ՝ «Ժողովրդի ձայնը» ՀԿ-ի փորձագետները մի շարք հարցեր են հղել ՀՀ քաղաքացիներին պարզելու, թե որ խորհրդարանական ուժին են իրենք սատարում և արդյոք ակնկալում են քաղաքական դաշտում նոր ուժերի ձևավորում:
Հարցման մասնակիցների 63%-ը բացասական է գնահատում ներկայիս խորհրդարանում գործող կուսակցությունների աշխատանքը, 15%-ը դրական է գնահատում, իսկ 22%-ը՝ չեզոք (տե՛ս նկ. 1):
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիները առավել դրական են գնահատում «Ելք» դաշինքի աշխատանքը (64%), այնուհետև գալիս է «Ծառուկյան» դաշինքը՝ 47%, Դաշնակցությունը՝ 8%, վերջում Հանրապետական կուսակցությունը՝ 3% (տե՛ս նկ. 2):
Ինչպես ցույց է տրված նկ. 3-ում, հարցման մասնակիցների մեծ մասը՝ 82%-ը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին նոր կուսակցությունների մասնակցությունն անհրաժեշտություն է, 6%-ը համարում է, որ եղած կուսակցությունները բավական են և նորերի կարիքը չկա, իսկ 12%-ը պատասխանել է՝ չգիտեմ:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում ՀՀ քաղաքացիների մեծ մասը պատրաստ է քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, եթե Ն. Փաշինյանը ընտրություններին մասնակցի այդ դաշինքով՝ 74%, բայց եթե դաշինքը գնա ընտրությունների առանց ներկայիս վարչապետի, ապա հարցվողների միայն 17%-ը կքվեարկի նրա օգտին: «Ծառուկյան» դաշինքը կստանա ձայների 43%-ը ըստ հարցման արդյունքների, 31%-ը կընտրի նոր կուսակցությունների, 6%-ը՝ «Դաշնակցությանը», իսկ 4%-ը՝ Հանրապետական կուսակցությանը (տե՛ս նկ. 4):
Եզրակացություն
- Հայ հասարակության զգալի մասը բացասական է գնահատում խորհրդարանական կուսակցությունների աշխատանքը վերջին խորհրդարանական ընտրություններից ի վեր
- Հարցվածների մեծ մասը խորհրդարանական կուսակցությունների շարքից առավել նախընտրում է «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները
- Հայաստանի քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ են համարում նոր կուսակցությունների մասնակցությունը
- Եթե ՀՀ-ում վաղն ընտրություններ լինեն, ապա Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կքվեարկի «Ելք» դաշինքի օգտին (պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը լինի այդ դաշինքում), «Ծառուկյան» դաշինքը նույնպես բավականին ձայներ կհավաքի: