Լրահոս
Օրվա լրահոսը

Լինել շրջահայաց (պատմվածք)

Օգոստոս 18,2018 11:22

– Կարող ե՞մ կողքիդ նստել։

Դահլիճում մութ է։ Բեմից առկայծող բազմագույն լույսերը անդրադառնում են հանդիսատեսների աչքերից՝ մթության մեջ  դրանց  վերածելով բազմաթիվ փոփոխական գունային երանգներով լապտերիկների։

– Նստիր, օրիորդ, բայց չաղմկես, ես այս երգը շատ եմ սիրում, վերջանա, կխոսենք։     Երգելը վերջացնելով երգչուհին նազանքով խոնարհվեց, հատակից վերցրեց բեմ նետված բազմաթիվ ծաղկեփնջերից մեկն ու օդային համբույրով պարգևատրելով հանդիսատեսներին՝ թեթևաքայլ հեռացավ։

– Տեսնում եմ առաջին անգամ ես այստեղ, հիմա ընդմիջում է սկսվելու: Դուրս կգանք սնվելու, բայց մի քիչ շուտ։ Այդպես հարմար է, հերթ չենք կանգնի, նստատեղերն էլ կընտրենք որն ուզենք, իսկ դահլիճ կվերադառնանք, երբ որ լույսերն անջատված լինեն։

– Ինձ համար այստեղ բավականին անսովոր է, բայց և հաճելի։ Ի՞նչ էի անելու եթե քեզ չհանդիպեի։

– Առաջին անգամը միշտ էլ այդպես է լինում։

– Համերգասրահի ցուցանակի վրա տեսա գրված իմ սիրած երգչուհու անունը, որին միայն հեռուստացույցով էի տեսել։ Ասի կենդանի հնչողությամբ լսելը չեր խանգարի։ Մտա համերգասրահ։  Դահլիճի առաջին մուտքի դռնով ներս մտնելով հենց առաջին շարքում էլ տեղավորվեցի։ Բեմը լավ երևում էր, տեղս էլ հարմար էր։

– Նստածնեից որևէ մեկին հիշում ե՞ս։

– Ոնց կարող եմ մոռանալ, այն կոկտեյլ խմողն էր, կողքը կանգնած հաստավզերով։ Քանի որ մի քիչ ուշ էի ներս մտել, մոտեցա ականջին ու ցածրաձայն հարց տվեցի։ Ձեռքն անքաղաքավարի թափահարեց։ Ասի երևի ճիշտ չհասկացավ, մեկ էլ հարցապնդում արի։

֊ Ի՞նչի մասին հարցրիր։

–  Համերգասրահի մուտքի մոտ նրան մի մարդ մոտեցավ ու բարևեց։ Դե մարդկանց մոտ դա ընդունված կարգ է, սկզբից բարևում են անունը տալով, նոր շարունակում հիմնական ասելիքը։

– ՈՒ․․․․

– Ի՞նչ ու, նրան ուղեկցող հաստավզերը երամով հանկարծակի հարձակվեցին բարևողի վրա ու սկսեցին խփել։ Այնքան խփեցին, մինչև խեղճը ընկավ գետնին ու անշարժացավ։ Քիչ առաջ էլ, իմ երկրորդ հարցից հետո, ձեռքի վտանգավոր շարժումներ արեց իմ նկատմամբ։ Կարծես դա քիչ էր, մոտեցան նաև այդ հաստավզերը։ Իրավիճակը դառնում էր վտանգավոր։ Ստիպված այդ տեղը լքեցի ու  սկսեցի մութ դահլիճում բեմից հեռու նոր տեղ փնտրել; Այդ ընթացքում մի քանի երգ բաց թողի։ Լսեցի իհարկե, բայց որպես կենդանի կատարում չհաջողվեց  տեսնել․․․

– Մարդիկ տարբեր են լինում։ Լինում են նաև այդպիսիք, որ համերգի գալով փոխանակ ձեռքերով ծափ տան, այն ծառայեցնում են ուրիշներին հարվածով վնասելուն։ Իսկ քեզ հանդիպած հաստավզերը այս պահին  մարդկանց մեջի ամենավտանգավոր տեսակն են։ Դրանք ուղեղ չունեն, հրահանգ ստանալուն պես սկսում են այնքան խփել, մինչև որ հարձակման ենթարկվածը մահանում է։

– Բա ես ինչ եմ ասում։ Միանգամից հասկացա, որ դրանք՝ իրենց շեֆով հանդերձ, արվեստից հեռու մարդիկ են։ Իսկական երաժշտագետներին ոչնչով չես շեղի, քանի որ նրանք ամբողջովին մտնում են երաժշտության մեջ, լիարժեքորեն այն ըմբոշխնելով․․․․

– Բայց չպետք է զգուշությունը կորցնել և երաժշտությունը վայելելու ժամանակ  մարդկանց անհարկի հարցեր տալ։ Նրանք այդ պահին կարող են նյարդայնանալ, դառնալ անճանաչելիորեն ագրեսիվ ու անկառավարելի։

– Անկասկած լավ խորհուրդներ տվիր։ Հիմա ի՞նչ ես ասում, համերգի երկրորդ մասը չլսե՞նք։

– Իհարկե անհրաժեշտ է լսել։

֊ Բզզզզզզզ․․․․․․․։

֊ Իսկ հիմա պետք է լինել ուշադիր ու դահլիճ մտնելու հարմար պահը որսալ։ Լույսերը հանգցնելուց հետո, երբ կսկսեն դահլիճի դռները փակել, մենք պետք է հարմարեցնենք ներս մտնել և հարմար տեղավորվել։ Առաջին շարք չենք գնա հաստավզերի հետ գործ չունենալու համար։ Հավատա իմ փորձին, մեզ համար ամենից անվտանգն ու հարմարն երկրորդ շարքն է։  Այդտեղ նստածներն իրենց պահում են անշարժ, քանի որ նրանց կողմից ձեռքերի  ցանկացած թափահարում հաստավզերը կհամարեն հարձակման փորձ իրենց շեֆի նկատմամբ․․․․ Դու միայն հետևիր ինձ։ Մտանք։ Բայց հիշիր, օրիորդ Ճանճ, որ մենք՝ ճանճերս, միշտ պետք է կարողանանք մեր գործողություններում լինել այնքան շրջահայաց ու զգույշ, որ մարդկանց ծափը մեր դեմ ուղղված հարվածի  չվերածվի․․․․

Գագիկ Շոլինյան                                                                                                                                    11․08․2018թ․               

Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031