Պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ շատերը կանխատեսում էին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո տնտեսական անկումներ են լինելու, որոնք բնորոշ են հեղափոխություններին: «Մեր հեղափոխությունը բացառիկ է նրանով, որ դրան չհետեւեց տնտեսական անկում: Հակառակը՝ տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ են գրանցվել: Հունիսին 9,6 տոկոս տնտեսության ակտիվության ցուցանիշ է գրանցվել: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճել»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ իր պաշտոնավարման ամենակարեւոր արդյունքն այն է, որ ՀՀ ավելի շատ եկել են, քան հեռացել:
«Սա արտագաղթի կանխման առաջին եւ շատ կարեւոր փուլն է: Այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ՀՀ է ժամանել 29.900-ով ավելի շատ մարդ, քան նույն ժամանակահատվածում մեկնածները: Վերջին երեք ամսում ՀՀ է եկել 34 000-ով ավելի օտարերկրացի՝ նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ: Սա նշանակում է զբոսաշրջության աճ եւ ներդրումային միջավայր»,-արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը այլ ցուցանիշներ էլ ներկայացրեց. «Անշարժ գույքի գներն աճել են 20 տոկոսով: 250 միլիոն դոլարով բանկերում ավելացել են ավանդները: Վերջին երեք ամսում 99 միլիարդ դրամով աճել է վարկային պորտֆելը՝ այդքան վարկ են վերցրել: 28,8 միլիարդ դրամ ավելի է հավաքագրվել հարկային մարմինների կողմից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ