Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում անդրադարձավ առաջիկայում կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ առանձնացնելով որոշակի ընթացակարգեր.
«Ըստ օրենքի՝ ես պետք է հրաժարական տամ, որից հետո ԱԺ-ն երկու անգամ պետք է չընտրի վարչապետ, որպեսզի կայանան արտահերթ ընտրություններ: Ոմանք ասում են՝ «թողենք հրաժարական տա, հետո թաքուն ուրիշ վարչապետ ընտրենք»: Այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում ՀՀ-ում»:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Դրա համար կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ, որոնց իմաստը կլինի հետեւյալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել՝ իր ինքնալուծարման մասին: Այդ փոփոխությունը պետք է հենց այդ ԱԺ-ն ընդունի: Դա տեղի կունենա մի պայմանով, երբ քաղաքացիները դա որպես պահանջ ձեւակերպեն: Երբ դա լինի, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ ՀՀԿ-ականների խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություն չանել»: Էլի եմ խորհուրդ եմ տալիս»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսուհետեւ կարեւոր որոշումներ կայացնելիս ժողովուրդը պետք է հավաքվի Հանրապետության հրապարակում եւ արտոնի կառավարությանն իրականացնել այս կամ այն որոշումը. «Ուժեղացնելու ենք հանրաքվեի ինստիտուտը, որպեսզի բազմաթիվ որոշումներ ժողովուրդը կայացնի հանրաքվեով՝ տեղական եւ համապետական: Անգամ միջազգային կարեւոր իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում պետք է կայացնեն հանրաքվեներով: Սա է այն հիմնական փոփոխությունը, որը դառնալու է մեր հեղափոխության երկրորդ ալիքը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ