Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում անդրադարձավ Արցախյան հակամարտության շուրջ իրավիճակին՝ ասելով. «Ոմանք փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը եւ Փաշինյանը եկել են հողեր հանձնելու…պատկերացնո՞ւմ եք՝ ես Ղարաբաղի հարցով դեռ մի բան չեմ բանակցել, բայց ոմանք ասում են, թե եկել եմ հող հանձնեմ»:
Վարչապետը նման տեսակետ արտահայտողներին խոսք ուղղեց. «Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, այլ բանի մասին չեն բանակցել: Տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ բովանդակությանը, գիտեմ բոլոր փաստաթղթերը: Տո այ բանակ թալանածնե՜ր, այ զինվորին թալանածնե՜ր, այ սերմացու գողացող մկնե՜ր, պատրաստ եմ լիարժեք բանակցել ՀՀ անունից՝ Ղարաբաղի հարցով, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը: Միաժամանակ ասեմ, որ պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալ Ադրբեջանի ցանկացած սադրանքին»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Մենք պատերազմ չենք ուզում, պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, խաղաղ կարգավորման հասնել: Բայց նա, ով փորձում է ինձ վրա կասկած գցել, ասեմ՝ ոմանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդը…Եթե կլինի կարգավորման տարբերակ, որին ինքս կհավատամ, կհայտարարեմ դրա մասին: Որեւէ մեկը չմտածի, թե ես թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ՝ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, կգամ այս հրապարակ եւ բոլոր մանրամասները կներկայացնեմ, ժողովուրդն էլ կորոշի՝ գնո՞ւմ ենք կարգավորման այդ տարբերակով, թե ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ