Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում հայտարարություններ արեց նաեւ Մարտի մեկի հայտնի քրեական գործի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «Ոմանք սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալ, որպես քաղաքական հետապնդումների զոհ: Մեկը չի հարցնում՝ եթե քաղաքական հետապնդման զոհ եք, ինչո՞ւ եք ազատության մեջ: Թե՞ ձեզ թվում է, թե մենք դատավորներին զանգելու եւ «հաթաթա տալու» ձեւերը չգիտենք: Մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, բայց դա չի նշանակում, թե որեւէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունից:
Բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի մարտի մեկին տասը քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել նման բան: Դուք ասեք (քաղաքացիներին է դիմում), որ թույլ չեք դա, որ արյուն հեղած որեւէ մարդասպան, որեւէ ոճրագործ խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք՝ բոլոր մարդասպաններով, ես սա լիազորված եմ հայտարարել՝ ՀՀ քաղաքացիների անունից…
Կարող ենք ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է: Չկա տարբերակ, որ ոճրագործներից եւ նրանց պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ