Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի 2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն 1998-2000թթ. ծնված մարզիկների միջև, որին փայլուն են մասնակցել Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մարզադպրոցի սաներ Վազգեն Թևանյանը, Գեղամ Գալստյանը և Արման Անդրեասյանը:
Շնորհիվ մեր ըմբիշների հիանալի արդյունքների՝ ՀՀ հավաքական թիմը աննախադեպ հաջողության հասավ, թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց գավաթով:
Հատկապես ուրախալի է 61 կգ քաշային կարգում ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Վազգեն Թևանյանի հիանալի հաղթանակը. նախնական գոտեմարտերում 4 հաղթանակ տանելով՝ եզրափակիչ գոտեմարտում նա հանդիպել է Ադրբեջանի չեմպիոնի հետ: Դրսևորելով հաղթանակի հասնելու անկոտրում կամք, համառություն և մարզական բարձր վարպետություն՝ Վազգենը փայլուն հաղթանակ է տարել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն, պարգևատրվել պատվոգրով և ոսկե մեդալով: Ի պատիվ Վազգենի հաղթանակի՝ Հռոմի մարզապալատում հնչել է ՀՀ օրհներգը և բարձրացվել է դրոշը:
69կգ քաշային կարգում հանդես եկող Գեղամ Գալստյանը և 70 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանիների չեմպիոն Արման Անդրեասյանը գրավել են 3-րդ պատվավոր հորիզոնականները:
Պատանի մարզիկների հիանալի արդյունքները անչափ ոգևորիչ են հատկապես արտաշատցիների համար, քանի որ նրանք բարձր են պահել մեր բոլորի սիրելի Արտաշատի անունը:
Ուրախալի առիթով մեր մարզիկներին և նրանց մարզիչներ, մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանին, ավագ մարզիչ Վարդան Գյուրջյանին և մարզադպրոցի փոխտնօրեն Գրիգոր Սիմոնյանին ընդունեց և ջերմորեն շնորհավորեց Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:
-Հպարտ և ուրախ ենք ձեզանով, որ հերթական անգամ բարձր պահեցիք Արտաշատի ու մեր մարզադպրոցի անունը,-դիմելով պատանի մարզիկներին՝ ասաց քաղաքապետը,-սա մեր մարզիկների և նրանց մարզիչների ամենօրյա հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունքն է:
Ես սրտանց շնորհավորում եմ և մաղթում եմ նոր նվաճումներ, բազում հաղթանակներ: Թող ձեր շնորհիվ ողջ աշխարհում հաղթական ծածանվի Հայոց եռագույնը: Ես էլ՝ որպես քաղաքի ղեկավար, միշտ կլինեմ ձեր կողքին՝ պատրաստ սատարելու ձեզ:
Պարոն Բենիամինյանը պատվոգրեր, դրամական պարգևներ և նվերներ էր պատրաստել մարզիկների համար, որոնք սիրով հանձնեց նրանց: Հաղթանակի առթիվ շնորհավորեցին նաև փոխքաղաքապետ Ռ. Ծատուրյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մ. Գաբրիելյանը և սոցհարցերի ու ծրագրերի բաժնի պետ Ա. Խաչատրյանը:
Հնչած շնորհավորանքների և ցուցաբերած ուշադրության համար քաղաքապետին իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր ներկաները:
Այնուհետ ծավալված անկեղծ զրույցի ընթացքում խոսվեցին նաև հետագա անելիքներից:
-Սեպտեմբերին մեր մարզադպրոցի ըմբիշները կմասնակցեն Սլովակիայում կայանալիք 2018թ. աշխարհի երիտասարդական առաջնությանը,- նշեց մարզադպրոցի տնօրեն Ռ. Գոլեցյանը:
Իսկ մարզադպրոցի փոխտնօրեն. ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Գրիգոր Սիմոնյանն էլ կիսվեց իր տպավորություններով:
-Հռոմում տարած հաղթանակով մեր ըմբիշները հերթական անգամ մեծ հրճվանք պարգևեցին բոլորին: Եվրոպական շատ մեծ երկրներ կան, որոնք նույնիսկ մեկ մեդալ չեն կարողանում ստանալ եվրոպական մեծ ստուգատեսում, իսկ փոքրիկ Արտաշատ քաղաքը նվաճում է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Բավական մեծ թվով երկրների ներկայացուցիչներ, մարզիկներ և մարզիչներ հետաքրքրվում են, թե որտեղ է գտնվում Հայաստանը և Արտաշատ քաղաքի ըմբշամարտի մարզադպրոցը, որը համաշխարհային կարգի մարզիկներ է պատրաստում,- ուրախությամբ ընդգծեց պարոն Սիմոնյանը:
Մեր մարզիկներին մաղթենք նոր հաղթանակներ, մեծ ձեռքբերումներ:
Գոհար ՀՈՎՍԵՓՅԱՆ