ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքն այսօր սկսեց նոր կառավարության եւ իր քաղաքական թիմի անդամներին քաղաքացիներին ներկայացնելով: Նրանց թվում էին նախարարներ, ԱԺ Ելք դաշինքի պատգամավորներ Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը (Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա չեն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ, նաեւ՝ կուսակցության քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանը: Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց ողջունել նաեւ կառավարության այն պաշտոնյաներին, որոնք այսօր այստեղ չեն. «Ողջունենք նաեւ իմ քաղաքական թիմի ներկայացուցիչներին, որոնք այս պահին ներկա չեն»:
Վարչապետն օրը բացառիկ իրադարձություն որակեց. «ՀՀ-ի կյանքում առաջին անգամ է նման բան տեղի ունենում: Այստեղ են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ոստիկանության, ԱԱԾ-ի 100-ավոր աշխատակիցներ, Արցախից ժամանած հազարավոր հայրենակիցներ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի, Լիբանանի եւ սփյուռքի այլ երկրների հայության ներկայացուցիչներ: Մեր խաղաղությունն այսօր պաշտպանում են փառապանծ գեներալներ, սպաներ եւ զինվորներ, որոնք հոգով-մտքով այստեղ են»:
Հիշելով իր՝ վարչապետ ընտրվելու օրը, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դա քաղաքացիների հաղթանակն է, քանի որ իրենք կատարեցին այդ ընտրությունը. «Այսուհետ դուք եք որոշելու՝ ո՞վ պետք է լինի վարչապետ: Միջազգային հանրությունը մինչ օրս չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում: Ոչ մեկ չէր կանխատեսել, որ ՀՀ-ում նման ժողովրդական զարթոնք կարող է տեղի ունենալ՝ առանց բռնության, առանց կրակոցի ու զոհի: Բացառիկ եւ հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այս աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ