Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի դեսպանները՝ ՀԱՊԿ-ի մասին

Օգոստոս 17,2018 19:20

Այսօր Ծաղկաձորում անցկացվեց «Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված ՀԱՊԿ երրորդ մոդել-կոնֆերանսը՝ քննարկելու տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության սպառնալիքներն ու դրանց դեմ պայքարի միջոցները, հակամարտությունների կարգավորմանն ուղղված նոր մեխանիզմների եւ սկզբունքների ստեղծումը, ռազմավարական որոշումների կայացման հիմնախնդիրները:

«Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ նախագահ Նորայր Դունամալյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը ունի մեծ ներուժ, բայց լիարժեք չի բավարարում կողմերին, պետք է քննարկել ու լուծումներ գտնել, թե ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ:

Կոնֆերանսին ներկա էին Հայաստանում ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ «ՀԱՊԿ-ի նշանակությունը մեր երկրների անվտանգության, իրենց փոխհամագործակցության հարցում կարծում եմ, բոլորիդ հասկանալի է, այլապես չէիք լինի այստեղ՝ այս կոնֆերանսին»:

ՌԴ դեսպանը չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել: Մարտի 1-ի գործի հետ կապված հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ դա ձեր երկրի ներքին գործն է, իմ մեկնաբանելու հարցը չէ: Մեր հարցին՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ադապտացվի Հայաստանում ստեղծված իրավիճակին, ի՞նչ կասեք այս մասին՝ դեսպանը պատասխանեց, որ նախ պետք է հասկանան, թե ի՞նչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ «ադապտացվել» ասելով, իսկ Լավրովի հայտարարության հետ կապված նա ասաց՝ ինչ ասել է Լավրովն, արդեն ասել է, ես այն չեմ մեկնաբանի:

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը հույս հայտնեց, որ կոնֆերանսի ժամանակ կլինեն կառուցողական առաջարկներ, որոնք կօգնեն ՀԱՊԿ անդամներին համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել, եւ ամենակարեւորը՝ կբարձրանա մեր քաղաքացիների տեղեկացվածությունը այս կառույցի մասին, որ ավելորդ հարցեր չառաջանան:

Իսկ Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը նախ հայերենով ողջունեց մասնակիցներին, հետո խոսեց այն մասին, թե որ հարցերում է ՀԱՊԿ-ը միջամտում, ինչ նշանակություն ունի այն անդամ երկրների համար, ինչպես է օգնում ահաբեկչության դեմ պայքարում եւ այլն. «Ամենակարեւորը մեր պետությունների կարողությունն է ժամանակին արձագանքելու նման վտանգներին»: Նա հորդորեց ուշադրություն դարձնել, թե ՀԱՊԿ պայմանագրով ինչ քայլեր են նախատեսված տարատեսակ վտանգների դեպքում եւ չշտապել անմտածված քայլեր, եզրակացություններ անել, բոլոր երկրների շահերից է բխում, որ ՀԱՊԿ-ն իր առջեւ դրված խնդիրները կատարի:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց նրա խորհրդականը՝ Արմինե Մարգարյանը: Նա ասաց. «Պիտի համաձայնենք, որ մասնավորապես փորձագիտական շրջանակներում պարբերաբար շրջանառվում եւ քննարկվում են կազմակերպության հետագա զարգացմանը վերաբերող առանցքային հարցերում կազմակերպության անդամ պետությունների մոտեցումների տարբերության մասին: Ես վստահ եմ, որ այս լսարանում բոլորը քաջատեղյակ են, որ կազմակերպությունը կառուցված է տարածաշրջանային սկզբունքով: Առկա է հավաքական անվտանգության երեք տարածաշրջան, որոնցում օբյեկտիվորեն մարտահրավերները եւ սպառնալիքները տարբեր են: Եթե հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության համար առաջնային է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի կանխելու խնդիրը, ապա մեր կենտրոնասիական դաշնակիցների համար առաջնահերթ են այլ մարտահրավերներ՝ թրաֆիքինգը, ծայրահեղականությունը եւ այլն»:

Տիկին Մարգարյանն ասաց, որ յուրաքանչուր անդամ պետություն հաճախ ունենում է իր ուրույն հիմնախնդիրը եւ օրակարգը եւ դա օրինաչափ է: Ամեն երկիր ջանք է թափում իր առջեւ ծառացած խնդիրները լսելի դարձնելու, դրանք լուծելու ուղղությամբ. «Ըստ այդ մենք՝ դաշնակիցներս, չենք կարող ունենալ մեկ եւ անբեկանելի դիրքորոշում հարցերի վերաբերյալ, սակայն վստահաբար մենք կարող եք պահպանել հարցերի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալու մեր կարողությունը եւ ունակությունը: Այս տեսանկյունից ՀԱՊԿ-ը, որի շրջանակներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, դեռեւս զգալի ներուժ ունի, որի մասին վկայում են ՀԱՊԿ շրջանակներում վերջերս ընդունված փաստաթղթերը: Անցած տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում ստեղծվել է բավական հարուստ եւ ընդգրկուն, բազմակողմ իրավապայմանագրային բազա եւ այսօր մեր հիմնական առաքելություններից մեկն է նաեւ այդ բազայի օգտագործման արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ անդամ պետությունների երկկողմ համագործակցության ընդլայնման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031