ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` այստեղ բացառիկ, Հայաստանում որպես այդպիսին առաջին անգամ իրականացված վիրահատության ենթարկված երկամյա փոքրիկին այցելության:
Երեխայի մոտ 2018թ. հունվարին «Մուրացան» համալսարանական կլինիկայում ախտորոշվել է 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա: Տրամադրվել է բուժում` համաձայն VDC ծրագրի: Քիմիաթերապիայի երկու կուրս ստանալուց հետո Արյունաբանական կենտրոնում կատարվել է ցողունային բջիջների հավաքագրում: Աֆերեզի ժամանակ Սանկտ-Պետերբուրգից հրավիրվել են մասնագետներ, հավաքագրումն անցել է հարթ:
«Մուրացան» համալսարանական կլինիկայում քիմիաթերապիայի բուժումն ավարտելուց հետո երեխան ուղեգրվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` աուտոփոխպատվաստումն իրականացնելու համար: Կատարվել է բարձր դեղաչափերով քիմիոթերապիա, որից հետո հունիսի 17-ին իրականացվել է բացառիկ վիրահատություն` ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում: Վիրահատությունը կատարվել է Սանկտ-Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ համատեղ:
Ներկայումս երեխայի վիճակը բավարար է: Փոքրիկն օրերս արդեն դուրս կգրվի` առաջիկայում շարունակելով գտնվել բժիշկների ուշադրության կենտրոնում:
ՀՀ առողջապահության նախարարություն