Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրյալներ Արայիկ Խանդոյանը եւ Վարուժան Ավետիսյանը: Նրանց ազատ արձակելու միջնորդության հիմքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հակոբ Նազարյանի անձնական երաշխավորագրերն էին: Այս փաստաթղթերով պատգամավորները երաշխավորել են, որ ազատության մեջ գտնվելով՝ Խանդոյանը եւ Ավետիսյանը պատշաճ կներկայանան դատական նիստերին եւ չեն խուսափի գործի քննությունից:
Հատկանշական է, որ Արայիկ Խանդոյանի հարազատներն ու մարտական ընկերները նրան դատարանից դուրս բերեցին ձեռքերի վրա. հարազատները հուզմունքից լաց էին լինում, Խանդոյանը՝ եւս:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ հայտնի որպես «միայնակ գայլ», մեղադրվում է ապօրինի զենք պահելու-կրելու, պատանդառություն կատարելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու, նաեւ՝ կյանքի-առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելու համար: Վարուժան Ավետիսյանն էլ մեղադրվում է նախ 2015-ին Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցի օրվա նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապա՝ ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու, ապօրինի զենք կրելու, զենքի հափշտակություն կատարելու եւ ՊՊԾ գնդի տարածքում գույք ոչնչացնելու համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ