Օրեր առաջ Սևանն ապրում էր երաժշտական մեծ իրադարձությամբ, որն իր շուրջն էր համախմբել երաժշտախմբերի, երաժշտասերներին:
Արդեն 4-ամյա կենսագրություն ունեցող «Սևան» երաժշտական փառատոնն այս տարի ավելի ընդլայնեց իր աշխարհագրությունը, որի շնորհիվ նաև օրերի քանակը: Ինչպես նշում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, փառատոնի կազմակերպիչներից Գոհար Մնացականյանը, 4 տարի անց հասան իրենց գերնպատակին, այն է` փառատոնն անցկացվեց ոչ միայն լճի ափին, այլ նաև եկավ քաղաք:
Փառատոների բազմազանության մեջ երաժշտական ուղղվածության ընտրություն էլ պատահական չէ:
«Այն, որ պետք էր առանցքում ունենալ արվեստի ճյուղ, մեզ համար պարզ էր ի սկզբանե: Մշակութային երկխոսության և մշակույթով ներկայանալու խնդիրն օրակարգում էր, լուծվեց ի օգուտ երաժշտության: Բնակչության զգալի մասը երաժշտությունը կրում է իր մեջ կամ առնչվում է դրան, ավելին` երաժշտությունը չի ճանաչում սահմաններ: 2014թ-ից մեկնարկած փառատոնը, որն արդեն սպասված իրադարձություն է, ընդգրկված մարզային փառատոնների ցանկում, այս տարի դուրս եկավ հանրապետության սահմաններից` դառնալով միջազգային: Սա բոլորիս ձեռքբերումն է, լավագույն միջոց մեր քաղաքը ներկայանալի դարձնելու, ինչպես նաև քաղաքում երաժշտախումբ ունենալու համար»,- ասում է Գոհար Մնացականյանը:
Օգոստոսյան 2 օրերն իսկապես դարձան երաժշտական տոնախմբություն` իրենց շուրջն համախմբելով գործընկերներին` ՀՀ Մշակույթի նախարարությանը, Սևանի համայնքապետարանին, Գեղարքունիքի մարզպետարանին, Գրենոբլի քաղաքապետարանին, ««Բոհեմ» արվեստանոց-թեյարան» ՍՁ-ին: Այս գործընկերների կողքին կանգնեցին նաև Միջմշակութային հաղորդակցությունների, ուսումնասիրության երկխոսության կենտրոնը, Word Vision-ը, Կոկա Կոլայի Սևանի մասնաճյուղը, «Հայոց Օջախ» ռեստորանային համալիրի տնօրինությունը:
«Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով անցկացված փառատոնը միաժամանակ Սևանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման ինքնատիպ ձևաչափ էր, որն օգնեց ոչ միայն մեր շնորհակալությունը հայտնել լճին, այլ նաև լճի միջոցով ի ցույց դնել մի շարք խնդիրներ:
Կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնը լավագույն միջոցն է տարածաշրջանի ներկայացման, նոր գաղափարների կյանքի կոչման համար:
«Սա տնտեսական և բիզնես մտածողության գործիքներից է, և այս խառնուրդում կարելի է լուծել հարակից մի շարք հարցեր: Հիմքում ունենալով այս միտումը` փառատոնի 2-րդ օրն անցկացվեց Սևան քաղաքում, որը զբոսաշրջային հոսքերն ավելացնելու և ակտիվացնելու, համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու, նոր ծրագրերի սկիզբն ազդարարեց»,- նշում է Գոհար Մնացականյանը:
Երկօրյա փառատոնը համախմբման հիանալի հնարավորություն ընձեռեց. միմյանց հանդիպեցին Հայաստանի և արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվեցին նոր գաղափարներ, հենց տեղում ծնվեցին երաժշտական կատարումներ:
Սևանը փառատոնի 2 օրերի ընթացքում հյուրընկալեց «Բոհեմ» քառյակին, «Չամիչ», «Էրընգան», «Տիեզերք», «Աստաֆյան», «Փիս Քորփս բենդ», «Ալիան Պլաս», «Խնձորի սոկ», «Դիփ Իմիջ» /ՌԴ/, «Շուշի Քուչի մեն» /Արցախ/, «Արաբելլա» /Ֆրանսիա/, «Վահե Քոչար և ընկերներ» խմբերին, Սիլվա Բեգլարյան և Մանե Չախմախչյան դուետին, Միկ Աելիանին: Տանտերերը ևս իրենց մասնակցությունն ունեցան: Կատարումներով հանդես եկան Սևանի երաժշտական դպրոցի դասատու Խոսրով Միրաքյանի նորաստեղծ էստրադային խումբը և հուլիս ամսին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում կայացած DIVERCITES փառատոնի մասնակից սևանցի 5 երիտասարդները:
Փառատոնի հաջողություններից մեկն էլ այն էր, որ առաջին անգամ այս պրոյեկտին դեմքով շրջվեց ՀՀ մշակույթի նախարարությունը` ի դեմս նախարար Լիլիթ Մակունցի: Նախարարությունը դարձավ ոչ միայն գործընկեր ու աջակից, այլ նաև նախարար Մակունցի գլխավորությամբ նախարարության աշխատակիցները ներկա գտնվեցին փառատոնի առաջին օրվա համերգային ծրագրին:
Գոհար Մնացականյանի փոխանցմամբ` նախորդ տարիներին էլ կազմակերպիչները դիմել են մշակույթի նախարարություն, սակայն պայմանավորվածություններից այն կողմ գործն առաջ չի գնացել:
«Այս տարի, քանի որ երկրում իրավիճակ էր փոխվել ու նաև մթնոլորտ, դիմեցինք առավել մեծ վստահությամբ: Դիմեցինք, և համագործակցությունը ստացվեց. ստացանք կոնկրետ օժանդակություն, ձեռքբերեցինք լավագույն գործընկեր, որը ես համարում եմ մեր հաջողություններից մեկը»,- նշում է Գոհարը:
Փառատոնի համերգային մասին նախորդել են բազմաթիվ հետաքրքիր ձեռնարկներ, իսկ քաղաքում այն ուղեկցվել է ձեռքի աշխատանքների, տնայնագործական տոնավաճառով:
Ինչպես յուրաքանչյուր փառատոն, սևանյանն էլ պահանջում էր բազմակողմանի և մեծածավալ աշխատանք` սկսած բեմի տեղադրումից մինչև ընդունելություն և գիշերակացի կազմակերպում: Փառատոնի կազմակերպիչներին օգնության են եկել կամավորները, ովքեր հաջողեցին այս իրադարձային աշխատանքը:
Փառատոնից օրեր անց ի մի է բերվում արվածը, կատարվում են եզրահանգումներ: «Փառատոնից փառատոն զգում ես, որ շատ բան կա անելու,- ասում է փառատոնի կազմակերպիչ Գոհար Մնացականյանը և շարունակում: «Արդեն իսկ աշխատում ենք 5-րդ փառատոնի ուղղությամբ ու սկսում ենք տեղի բնակիչների իրազեկման աշխատանքներից: Պետք է մեծացնել հենց տեղի բնակչության հետաքրքրվածությունը: Այս տարի շեշտն ավելի շատ դրվեց դրսի վրա, և արդյունքն ակնհայտ էր: Այն, ինչ ի սկզբանե մտածել էինք, ճիշտ էր և արդարացված` սկսած լճի ափին գիշերակացի համար վրանների օգտագործումից մինչև շփումներ, որի շնորհիվ էլ ձևավորվեց երաժշտական համայնք»:
«Սևան» փառատոնի կազմակերպիչները, ի թիվս մի շարք գործողությունների, նշում են, որ առավել շատ պետք է աշխատել հանրապետության ներսում գործող երաժշտախմբերի ներգրավվածության ուղղությամբ. այդ ռեսուրսը պետք է օգտագործել լիարժեք, որի արդյունքում և որի շնորհիվ էլ հնարավոր է փոփոխություններ գրանցել:
Արմինե ՂՈՒԿԱՍՅԱՆ