Այսօր օրը դեռ չսկսած՝ 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ էր ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին կանխել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները եւ վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեր հարցին՝ ինչի՞ հետ եք դա կապում, արդյո՞ք փորձել են հանրահավաքից առաջ ինչ-որ լարվածություն ցույց տալ՝ պատասխանեց. «Չեմ կարող խորանալ, ոչ էլ իրավասու եմ խորանալ, թե ինչի հետ կապեմ սա՝ քաղաքական, ներքաղաքական հարցերին: Ես իրավասու եմ միայն ասել այն, որ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն՝ դա կլինի Նախիջեւանի ուղղությամբ, թե այլ ուղղությամբ, թե Արցախի ուղղությամբ, միշտ էլ արժանանալու են համապատասխան արձագանքի: Ոչինչ անպատիժ չի մնալու: Հայկական կողմը որեւէ կորուստ չունի, իրենց մասով այս պահին չեմ կարող ասել»:
Ընդհանուր առմամբ գնահատելով սահմանում իրավիճակը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հանգիստ է համամետաբար, կրակոցները շատ չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ