Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիր

Օգոստոս 17,2018 17:44

Ամփոփ տեղեկանք

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

 

Դիտարկվող ժամանակահատվածում ներդրումային համայնքի հետ թիրախավորված (այդ թվում՝ արտագնա այցերի) աշխատանքի արդյունքները թույլ են տալիս  արձանագրել, որ առկա է ՀՀ-ում ներդրումների ներգրավման շուրջ 42,350,000 ԱՄՆ դոլարի և 20,000,000 եվրոյի կանխատեսվող պոտենցիալ: Նախատեսվում է այս պոտենցիալն ուղղել շինարարության, գործարանների կառուցման, վերականգնվող էներգետիկայի, էկոպանելների արտադրության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ապահովագրության, ֆինանսաբանկային, ազգային վենչուրային ֆոնդերի ստեղծման և այլ ոլորտներ:

Հայաստանի ներդրումային գրավչության, ներդրումային կանոնների հստակեցման, այդ թվում՝ կանխատեսելի օրենսդրական և գործարար միջավայրի ձևավորման արդի հրամայականով պայմանավորված՝ կառավարության օրակարգում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով ներդրումների ներգրավման հայեցակարգի մշակումը, որի առաքելությունն է ոչ միայն վերացնել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում առկա բյուրոկատական խոչընդոտները, այլև յուրաքանչյուր ներդրողի հետ հասցեական աշխատանքի միջոցով թիրախավորել և անընդմեջ բարելավել տնտեսական զարգացման նախադրյալներ սահմանող ենթակառուցվածքները: Այս առումով «մեկ կանգառ, մեկ պատուհան» հարթակում ձևավորվող տեղեկատվական բազան թույլ կտա մշակել և իրագործել տնտեսագիտորեն հիմնավորված ներդրումներ, հասցեական հսկողություն սահմանելով ներդրումների ներգրավման և իրականացման ամբողջական գործընթացի վրա՝ հընթացս կբացառի ներդրումային ռիսկերը: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքն ինքնաշխատ տարբերակով կձևավորի ներդրումային առաջարկ/պահանջարկ սահմանող չափելի և բալանսավորված տեսլական, ինչն էլ թույլ կտա իրականացնել տնտեսական աճ երաշխավորող քաղաքականություն:

Միջազգային ներդրումային, ինչպես նաև միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման նպատակով մշակված միջոցառումների համախումբն արդեն իսկ դրական արդյունքներ է ապահովում: Օրեր առաջ նշված միջոցառումների իրականացման արդյունքներով Հայաստանը ներառվեց Google Play («Merchant account countries by Google») ցանկում: Դրանց շարունակական իրականացմամբ Հայաստանում հնարավոր կլինի էլեկտրոնային վճարահաշվարկային (մասնավորապես PayPal) համակարգերի ամբողջական գործարկում ապահովել, ինչն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանի ճանաչելիության մակարդակը տարբեր էլեկտրոնային հարթակներում և կնպաստի էլեկտրոնային առևտրի գործնական ներդրմանը Հայաստանում:

Սևանի հիմնախնդիրների լուծման նպատակով որդեգրվել է ջրային ռեսուրսների խելամիտ կառավարում սկզբունքը՝ ուղղված Սևանա լճում հավասարակշռված էկոհամակարգի վերականգնմանը: Միաժամանակ, Սևանի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով նախատեսվում է բնապահպանական չափորոշիչների պահպանմամբ բարեկարգել լճի ափամերձ հատվածները և զարգացնելով զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ Սևան ազգային պարկի ռեբրենդինիգի միջոցով Գեղարքունիքի մարզում ներդնել բուսականությամբ հարուստ եզակի ռեկրացիոն գոտի:

«Գլենդել հիլզ»  ծրագրերում առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքներով կառուցապատման վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների համատեքստում մինչև գալիք տարեվերջ արդարացի փոխհատուցումներ կտրամադրվեն նշված ընկերության շահառուներին:

Զբոսաշրջության և առևտրատնտեսական զարգացման օրակարգում են Զվարթնոցի և Գյումրու օդանավակայանների ընդլայնման ծրագրերը: Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Գյումրի և Զվարթնոց օդանավակայանների զարգացման ծրագրերը, ինչպես նաև գերցածր գնային առաջարկ ներկայացնող ավիաընկերությունների` ՀՀ-ում գործունեություն իրականացնելու ֆինանսատնտեսական հնարավորությունները:

Կարևորելով մարդկային կապիտալի զարգացման կառավարության գերակայությունը՝ քայլեր են ձեռնարկվում հայաստանյան երիտասարդ մասնագետներին արտերկրի առաջատար համալսարաններում և պետական մարմիններում վերապատրաստելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի միջև ս/թ հուլիսի 2-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու երիտասարդ մասնագիտական հմտությունների զարգացման և հետագայում իրենց ձեռք բերած փորձը ՀՀ-ում կիրառելու նախապայմանով հատուկ ծրագրի շրջանակում ս/թ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կմասնակցեն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող հանրային կառավարման բնագավառում կարողությունների կատարելագործման ծրագրին: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:

 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Ինովացիոն քաղաքականություն

  1. Ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման հայեցակարգի մշակում, որի նպատակն է միասնական կառույցի միջոցով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված նորարար գաղափարներ ունեցող start-up թիմերին և ընկերություններին մեկ պատուհանի սկզբունքով աջակցության (խորհրդատվության) տրամադրումը:
  2. Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնի ստեղծում, այդ թվում՝ մագիստրոսական, ասպիրանտական, գիտահետազոտական և գիտակրթական համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի և այլ ուսումնական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Շվեյցարիայում ներկայումս գործող կենտրոնից հետո ընկերության 2-րդ գիտահետազոտական կենտրոնի հիմնում Հայաստանում: Ծրագրի իրականացումը միտված է արդյունաբերություն-կրթություն կապի ամրապնդմանը, գիտահետազոտական կենտրոնի գրասենյակի և լաբորատորիաների հիմնմանը: Նախատեսվում է, որ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման սկզբնական փուլում (ներառյալ՝ վերանորոգման, սարքավորումների և դրամաշնորհների ուղղությամբ) ընկերության կողմից իրականացվող ներդրումների ծավալը կկազմի շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։

Գործարար և ներդրումային միջավայր

 

  1. Հուլիսի 1-ից «Փեթակ» ՍՊԸ, «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ (Սուրմալու), «Գլաս գրուպ» ՍՊԸ (Rich Plaza), «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ (Մալաթիա),  «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ առևտրի իրականացման վայրերում գործող վաճառատեղերի վճարների գումարների շուրջ 20%-ով իջեցում։
  2. ՓՄՁ սուբյեկտ­ներին կարողությունների զարգացման ուղղված՝ գործարար ուսուցողական, տեղեկատվա-խորհրդատվական ներդրումային (այդ թվում՝ դրամաշնորհների կամ սարքավորումների տեսքով) աջակցության ցուցաբերում:
  3. ՓՄՁ զարգացման խորհրդի աշխատակարգի կատարելագործում՝ պետություն-մասնավոր կապի ամրապնդմանն ուղղված՝ հասարակական կառույցների անդամակցության կանոնների սահմանում։
  4. Տեղական տնտեսական զարգացում ծրագրի շրջանակներում՝
  • Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գինեգործական-ուսումնաարտադրական կենտրոնի վերակառուցում,
  • Արագածոտնի մարզի Ավան գյուղական համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցում,
  • Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ոռոգման ցանցի կառուցում,
  • Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տուրիստական կենտրոնի կառուցում:

 Օրենսդրական բարեփոխումներ

Մեկնարկած օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում նախատեսվում է՝

  • արձանագրել լիզինգային գործունեության շարունակական զարգացում,
  • հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանում,
  • ՓՄՁ հարկման արդյունավետ կանոնների սահմանման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով՝ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում լայնամասշտաբ հանդիպումների միջոցով հարկային բարեփոխումների իրատեսական օրակարգի սահմանում։

Զբոսաշրջության զարգացում

  • Facebook-յան Armenia and Travel, Instagram-ի Armenia and Travel էջերում, ինչպես նաև armenia.travel կայքում Հայաստանի առաջմղում:
  • Հայաստանն ու հայկական զբոսաշրջային արդյունքը հունիսի 27-ից հուլիսի 4-ը ներկայացվել են 2018թ. Սմիթսոնիան հաստատության կողմիցԱՄՆ Վաշինգտոն քաղաքում կազմակերպված «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնին: «Ֆոլքլայֆ» փառատոնում Հայաստանը ներկայացվել է  «Հայաստան. արարելով տուն» գաղափարի ներքո: ԱՄՆ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են՝
  • ԱՄՆ-ում Հայաստանի զբոսաշրջային գրասենյակի հիմնում,
  • Հայաստանի ընդգրկում ԱՄՆ զբոսաշրջային օպերատորների փաթեթներում,
  • ԱՄՆ մի շարք կաբելային հեռուստատեսություններում անվճար հիմունքներով՝ Հայաստանի վերաբերյալ տեսանյութերի հեռարձակում,
  • Բոստոնից ԱՄՆ տուրօպերատորների խմբի՝ Հայաստան ճանաչողական այցի կազմակերպում «Մարիոթ» հյուրանոցի հետ համագործակցությամբ,
  • Անդամակցություն ԱՄՆ տուրօպերատորների ասոցիացիային (USTOA),
  • ՄԱԿ-ի աշխատակիցների համար կորպորատիվ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում,
  • Հայաստանի զբոսաշրջային արդյունքների ներառում Մետաքսի ճանապարհով անցնող երթուղիների փաթեթներում:

 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

 ՀՀ կառավարությունը չեղարկել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որոշումը՝ թողնելով ԲԷՑ-ը պետական կառավարման ոլորտում:

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզում «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մեկնարկ՝ նվազագույն սակագին՝ 19 դոլար ցենտ 1 կՎտxժ- ի համար (մոտավորապես՝ 20.11 ՀՀ դրամ)՝ առանց ԱԱՀ-ի:
  2. «Գազպրոմ Արմենիա» և «ՀԷՑ» ՓԲ ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում՝ ընկերությունների կողմից որոշում է կայացվել սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրել:
  3. Ոչ ստանդարտ լուծումների կիրառմամբ օգոստոսի 1-ին ՀԱԷԿ-ի կայանի թողարկում:

 Բնական պաշարների ոլորտ

  1. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթի մշակում:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Ճանապարհային ոլորտ

  1. ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների 27 հատվածների հիմնանորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 հատվածների միջին նորոգման աշխատանքներ. կատարվել է նախատեսված աշխատանքների շուրջ 54%-ը:
  2. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2 ծրագրի շրջանակում կառուցվել է շուրջ 6.5 կմ ընդհանուր երկարությամբ բետոնային պատվածք, շուրջ 8 կմ հիմք և ենթահիմք:
  3. Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգում

Տարեվերջին շահագործման կհանձնվի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի՝ Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից ֆինանսավորվող 38․45 կմ երկարությամբ հատվածը։ Կատարվել է 1,04 մլրդ ՀՀ դրամի շինարարական աշխատանք, որը կազմում է 2018թ․ համար նախատեսված ծավալի 14.9%:

  1. Կենսական Նշանակության Ճանապարհների Բարելավման Ծրագիր

Ընթացքի մեջ են  թվով 10 ճանապարհների վերականգնման աշխատանքները, շուրջ 62.3 կմ ընդհանուր երկարությամբ: Ներկայումս իրականցվել է շուրջ 2,4 մլրդ դրամի աշխատանք, որը կազմում է 2018թ․ համար նախատեսված ծավալի 37.1%:

Ընթացքի մեջ են  թվով 15 ճանապարհահատվածների վերականգնման  աշխատանքների նախագծերի մշակումը, ավարտից հետո կկազմակերպվեն նշված ճանապարհների շինարարության մրցույթները:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 173 կմ ճանապարհ, որից 73 կմ՝ պետական միջոցների, իսկ 100 կմ՝ Համաշխարհային բանկի միջոցերի հաշվին: Համեմատության համար՝ 2017-ին հիմնանորոգվել է 116 կմ ճանապարհ, որից 52 կմ՝ պետբյուջեի, իսկ 65 կմ՝ ՀԲ միջոցներով, 2019-ին նախատեսված է հիմնանորոգել 156 կմ ճանապարհ, որից 84 կմ՝ պետբյուջեից, 72 կմ՝ ՀԲ միջոցներից: Ըստ վերոնշյալ տվյալների՝ պետական միջոցներով ճանապարհաշինարարությունը տարեցտարի ավելանում է:

Գյուղատնտեսության նախարարություն

  1. Հողօգտագործողներին որպես սուբսիդիա տրամադրվել է շուրջ 360 մլն դրամ (1 լիտրի սուբսիդիան` մինչև 60 դրամ) ­ դիզելային վառելիք, ինչն էլ նպաստել է գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը և գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը:
  2. Ավելացել է Հանրապետության տարածքում արտադրված սերմանյութի արտադրության ծավալը:
  3. Գինու որակի բարելավման նպատակով միջազգային փորձագիտական խորհրդատվություն/աջակցություն է ցուցաբերվել ՀՀ-ում գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններին, ինչն էլ նպաստել է Հայաս­տանում գործող 12 գինեգործական ընկերություններում բարձրորակ գինու արտադ­րության կազմակերպմանը և մրցունակ նոր տեսակի արտադրանքի թողարկմանը:
  4. Գինու արտադրության նպատակով Վայոց ձորի տնայնագործ գինի արտադրող 17 ընկերություններին նախատեսվում է տրամադրել գինեգործական սարքա­վորումներ։

Բնապահպանության նախարարություն

  1. Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացի մեկնարկ։ Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը՝ «Կանաչ Թալին» խորագրով: Նախատեսվում է գործընթացում ներգրավել տեղական և միջազգային կազմակերպություններ:
  2. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում Արարատյան դաշտի 3 խոշոր ձկնաբուծական տնտեսության («Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Գոլդեն Ֆիշ-կ» ՍՊԸ-ներ) 15 ջրառի կետերում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:
  3. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտների վերաբերյալ ստեղծվել է տեղեկատվական բազա, ինչի շնորհիվ ապահովվել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման/բացառման միջոցառումների մշակման համար անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության առկայությունը:
  4. Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ. ձեռք են բերվել աղբ խտացնող մեքենա, պոլիէթիլենային թաղանթ, աղբամաններ։

 

 

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031