«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Էդվարդ Գրիգորյանն անդրադարձավ մյուս մեղադրյալ Պավել Մանուկյանի՝ վերջերս արած աղմկոտ հայտարարությանը: Հիշեցնենք՝ Մանուկյանն ասել էր, թե խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանի «պատահական» կրակոցից է վիրավորվել, իսկ հետագայում՝ արյան վարակից մահացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը (նրա սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը, ոչ թե Էդվարդ Գրիգորյանը: Գագիկ Մկրտչյանի մահը գրանցվել էր հիվանդանոցում): Մինչ այդ Գրիգորյանը միայն լրագրողների հետ զրույցում էր ասել, որ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Այսօր էլ առաջին անգամ դատարանում անդրադարձավ դրան, թեեւ կրկնեց նույնը. «Իմ մասով դա իրականությանը չի համապատասխանում: Մնացած հարցերը ընթացքում պարզ կլինեն»: Դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտող հարց տվեց. «Հերքո՞ւմ եք հայտարարությունը, թե դուք եք կրակոց արձակել»: Գրիգորյանը պատասխանեց. «Այո, դա չի համապատասխանում իրականությանը, ավել բան չեմ կարող ասել»:
Էդվարդ Գրիգորյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը մեղադրող կողմին կոչ արեց հարցեր չուղղել այս փուլում, քանի որ Գրիգորյանի պատասխանները կարող են ուղղվել իր կամ մեկ այլ մեղադրյալի դեմ: Մեղադրող-դատախազներից Պետրոս Պետրոսյանը նկատեց. «Գրիգորյանի պատասխանը չափազանց վերացական է: Ձեր ասածներն ընդունե՞նք որպես ցուցմունք»: Էդվարդ Գրիգորյանը դրական պատասխան տվեց, ապա պաշտպանի բերած պատճառաբանությամբ չպատասխանեց հարցին, թե արդյոք միջադեպի ժամանակ ինքն այդ տարածքում եղե՞լ է, թե ոչ: Դատավորն էլ նույնաբովանդակ ճշտող հարց տվեց Գրիգորյանին. «Միջադեպի ժամանակ, երբ Գագիկ Մկրտչյանը հրազենային վնասվածք է ստացել, դուք զինանոցի տարածքում գտնվե՞լ եք»: Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հարցի դեմ առարկեց՝ ասելով, որ այլ տեղեկություններ իր պաշտպանյալը չի հայտնելու:
Եգորյանը հավելեց. «Մեղադրյալները նաեւ անձնական հարաբերություններ են ունեցել: Հիմա Գրիգորյանից պատասխաններ ստանալու ակնկալիքը չի նպաստելու այդ հարաբերություններին եւ կաշկանդող հանգամանք է ստեղծելու բոլորի համար: Գրիգորյանի առաջին հայացքից սահմանափակ պատասխանն իրականում պարունակում է տվյալներ՝ կասկածները հերքելու համար»: Ապա խոսեց Պավլիկ Մանուկյանը. «Էդվարդ Գրիգորյանին հիմա էլ հարգում-ընդունում եմ որպես «Սասնա ծուռ»-ընկեր: Բայց Գրիգորյանից շատ ավելի թանկ բան կա՝ արդարություն, որի համար ապստամբել ենք, ապստամբել ենք պետական տեռորի դեմ: Եթե պետք լինի, մի հատ էլ կապստամբենք, եթե նույն կերպ շարունակեն: Պնդում եմ՝ չի եղել կանխամտածված կրակոց, եղել է պատահական կրակոց»: Հիշեցնենք՝ «Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանը հայտարարել էր, որ «Սասնա ծռերը» փակել են զինված ապստամբության էջը:
Ապա խոսեց մեղադրյալներից Արմեն Բիլյանը, որը Գագիկ Մկրտչյանի սպանության համար է մեղադրվում. «Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության կարգախոսով՝ այլեւս վերջ կեղծիքին: Հիմա ասում եմ՝ այլեւս վերջ կեղծիքին՝ նոր Հայաստանի նոր դատարանում»: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ մեղադրյալներից Վարուժան Ավետիսյանը, որն ավելի վաղ նշել էր, որ Մանուկյանի հայտարարությունը վերջինիս անձնական կարծիքն է, ոչ թե խմբինը. «Որեւէ թաքուն մարտավարություն եւ պայմանավորվածություն չկա: Կա այն, ինչ կա: Մենք աջակցում ենք գործող իշխանություններին, ինչը դրսեւորվելու է դատարանում մեր կառուցողական մոտեցումներով եւ տված ցուցմունքներով»:
https://www.facebook.com/aravot.am/videos/318558218709788/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ